Բոլոր հարցերը քննարկվելու են, դրա համար էլ Ընտրական օրենսգիրքը Ազգային ժողով է բերվել. Վիգեն Սարգսյան
PoliticsԱյսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, խոսելով ԸՕ-ի մասին, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ասաց. «Բոլոր հարցերը քննարկվելու են, դրա համար էլ Ընտրական օրենսգիրքը Ազգային ժողով է բերվել»: Այն հարցին՝ Վենետիկի հանձնաժողովի հետ իշխանության ներկայացուցիչներն ինչ տարակարծություն ունեն, Վ. Սարգսյանը պատասխանեց, որ դեռ չգիտի՝ իշխանության ներկայացուցիչները Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպե՞լ են, թե՞՝ ոչ: Լրագրողներից մեկի այն դիտարկմանն էլ, թե ընտրացուցակների հրապարակումը ընդդիմության պահանջերից մեկն է, ձեր դիրքորոշումը կարո՞ղ է փոխվել, Վ. Սարգսյանը պատասխանեց. «Իշխանության դիրքորոշումը կարտահայտվի քննարկումների ընթացքում: Իմ կարծիքով՝ դա մարդու իրավունքերի խախտում է. ՀՀ Սահմանադրական դատարանն ունեցել է շատ հստակ դիրքորոշում, որը մեծապես համահունչ է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի նախկինում տված փորձագիտական եզրակացություններին, ոչ թե Հայաստանում, այլ առհասարակ ստորագրված ցուցակների վերաբերյալ»:
Հարցին՝ ՀՀ նախագա՞հն էլ է իր տեսակետին, Վ. Սարգսյանը պատասխանեց, որ այդ հարցը նախագահի հետ չի քննարկել: Այն հարցին էլ, թե ինչ կարող է լինել, եթե որոշվի այդ ցուցակները հրապարակել, Վ. Սարգսյանը պատասխանեց, որ դա կարող է ճնշումների դաշտ ստեղծել այն մարդկանց համար, ովքեր չեն ուզում հանրայնացնել իրենց՝ քվեարկությանը մասնակցելու կամ չմասնակցելու խնդիրը: Դիտարկմանը, թե դրա փոխարեն էլ անվստահության մթնոլորտ է ստեղծվում, Վ. Սարգսյանը պատասխանեց, որ անվստահության մթնոլորտի դեմ պետք է պայքարել այնպես, որ բոլորը վստահ լինեն, որ ընտրություններն անցել են ազատ, անկախ: «Ցուցակները հրապարակված են, ռեգիստրը բոլորի համար բաց է, այն համակարգերը, որ դրվել են տարիների ընթացքում բավականին հզոր մեխանիզմներ են վերստուգման: Իհարկե, այն քաղաքական ուժերը, որոք չունեն բավականաչափ մարդ նույնիսկ տեղամասերում վստահված անձ լինելու համար, դժվարանում են այդ ցուցակների հետ հապատասխան աշխատանք կատարելու: Ցուցակների հետ կապված՝ շատ կարեւոր է դինամիկան նայել, մենք ունեցել ենք լուրջ խնդիր ցուցակների հետ կապված, այնուհետեւ 2012-2013 թվականների ընտրությունների ժամանակ բոլոր դիտորդները ամրագրել են, որ ցուցակները որակապես փոփոխվել են եւ շատ ավելի հաջող վիճակում են գտնվում, քան երբեւե եղել է: Հաջորդ ընտրությունների ժամանակ սկսել է հայտնվել նոր ձեւակերպում, որ կա ընկալում, որ ցուցակների հետ կա խնդիր: Ընկալումների հետ դժվար է ավելի պայքարել, քան փաստերի: Եթե կան փաստեր, որ ցուցակում կան մարդիկ, որ չպետք է լինեն, որ կան կրկնվող մարդիկ, յուրաքանչյուր դեպքի հետեւից պետք է գնալ ու դա քաղաքացիական հասրակության, բոլոր քաղաքական ուժերի պատասխանտվությունն է»,- նշեց Վ. Սարգսյանը:
Դիտարկմանը, թե տպավորություն է, որ իշխանությունը մեխանիզմներ է ստեղծում ինքն իր դեմ պայքարելու համար, որ կեղծիք չանի, Վ. Սարգսյանը պատասխանեց, որ իշխանությունը երբեք նպատակ չունի կեղծիք անելու, մաքուր եւ արդար ընտրությունները հենց իշխանության շահերից բխող երեւույթ են: «Պետք է ամեն ինչ անել, որ հաջորդ ընտրությունները լինեն շատ ավելի լավը, քան նախորդը»,- ասաց նա: