Էրդողանը Ալիեւին խոստացել է Բաքու այցելել ապրիլի 25-26-ին
International newsԲաքվում անցկացվելու փոխարեն այսօր Անկարայում տեղի ունեցած Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության 5-րդ նիստից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւին խոստացել է «անպայման» Բաքու այցելել ապրիլի 25-26-ին` մասնակցելու այդտեղ անցկացվելիք ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ համաժողովին:
Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը:
Թուրքիա-Ադրբեջան համագործակցության 5-րդ նիստին մասնակցելու համար Էրդողանը պետք է մարտի 15-ին ժամաներ Ադրբեջան: Սակայն, մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, նա չեղյալ էր հայտարարել իր այցը Բաքու:
Թուրքիայի նախագահն այդ նիստին մասնակցելու համար պետք է Ադրբեջան այցելեր դեռեւս փետրվարի 18-ին: Սակայն, այն եւս հետաձգվել էր փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած եւս մեկ ահաբեկչության պատճառով: