Ընտրական օրենսգրքի թերությունները շտկելու համար անհրաժեշտ է ստեղծել միջկուսակցական խորհուրդ. Արամ Սարգսյան
PoliticsՆոր Ընտրական օրենսգրքի նախագիծը բազում թերություններ ունի և վտանգներ է պարունակում. մասնավորապես, քվեարկության նախատեսվող վարկանիշային համակարգը փաստացի փոխարինում է մեծամասնական համակարգին:
Մարտի 15-ին կայացած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Կուսակցություններն իրենք պետք է շահագրգիռ և պատասխանատու լինեն իրենց ցուցակները կազմելու և իրենց մարդկանց ընտրությանը ներկայացնելու համար, իսկ ժողովուրդը թող կուսակցությանն ընտրի ըստ նրա ներկայացրած ծրագրի: Սա է ժողովրդավարության չափանիշը»,- նշեց Արամ Սարգսյանը:
Խոսելով ԸՕ նոր տարբերակի թերությունների մասին՝ Արամ Սարգսյանը մտահոգություն հայտնեց նախագծով նախատեսվող՝ քվեաթերթիկների գունային տարբերակման դրույթի վերաբերյալ՝ նշելով, որ այդ կերպ խախտվում է ընտրության գաղտնիության սկզբունքը: Ըստ ՀԴԿ նախագահի՝ հատկապես մարզերում վտանգ կա, որ որոշակի հանգամանքների բերումով ընտրողները չեն կարողանա ազատ կամարտահայտմամբ ընտրել իրենց նախընտրած ուժին, քանի որ գունավոր քվեաթերթիկների ընտրությունը արդեն իսկ տեսանելի է դարձնում նրանց ընտրությունը: Արամ Սարգսյանը նաև անհրաժեշտ համարեց ԸՕ նախագծի խմբագրական պարզեցումը, որպեսզի այն հասկանալի լինի նաև ոչ մասնագետի՝ շարքային քաղաքացիների համար:
Արամ Սարգսյանը նաև անհեթեթ համարեց Սահմանադրությամբ ամրագրված այն դրույթը, թե Ազգային Ժողովը կազմված է առնվազն 101 պատգամավորից, ըստ նրա, եթե պատգամավորների թիվը հստակ չի ամրագրվում, ապա մնացած տեղերը դառնում են «առուծախի առարկա»:
Նշված և այլ թերությունները ՀԴԿ նախագահի համոզմամբ հնարավոր կլինի շտկել միջկուսակցական խորհուրդ հրավիրելու միջոցով, որը պետք է աշխատի ամենօրյա ռեժիմով: Այդտեղ ներկայացված ուժերը պետք է իրենց գրավոր առաջարկները ներկայացնեն, և բոլոր առաջարկների քննարկման արդյունքում էլ կոնսենսուսային սկզբունքով կարող է ընդունվել բոլորի համար ընդունելի ընտրական օրենսգիրք: