Ոչ ոք թող հույս չունենա, թե ինքն այդ ոչ ոքի մեջ չի մտնում. Ն. Փաշինյանը ոչինչ չի մոռացել
PoliticsԱյսօր ԱԺ-ում լրագրողները ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին խնդրեցին մեկնաբանել Վ. Օսկանյանի այն հայտարարությունը, թե իր կողմից ստեղծվող կուսակցության օրակարգային հարցերից մեկը լինելու է Մարտի 1-ի գործի բացահայտումը: «Ինչի՞, այսօր ապրիլի մե՞կն է … Եկեք չմոռանանք, թե ով, ով է: Եվ Վարդան Օսկանյանը, եթե նույնիսկ կուսակցություն բացի և որոշի նոտարով փոխել իր անուն-ազգանունը, դա չի նշանակում, որ ինքը Վարդան Օսկանյանը չէ, ով 2008թ. մարտի 1-ին մահվան դատավճիռներ էր հրապարակում Բաղրամյան 26-ում»,- ասել է Ն. Փաշինյանը: Նա նաև նշել է, որ երբ ինքն ասում է, որ ոչ ոք չի մոռացվել և ոչինչ չի մոռացվել, ապա դա նշանակում է, որ և´ Վարդան Օսկանյանը, և´ Արթուր Բաղդասարյանը, և´ Սերժ Սարգսյանը, և´ Տիգրան Թորոսյանը, և´ Հովիկ Աբրահամյանը, և´ Ռոբերտ Քոչարյանը կամ այլ քաղաքական գործիչներ, ոչ ոք իր կողմից չի մոռացվելու: Նրա խոսքով՝ գուցե իր որոշումը լրջմիտ չէ, այնուամենայնիվ, ինքը բացառում է ոչ միայն որեւէ համագործակցություն Մարտի մեկի ոճրագործների, այլև նրանց սպասարկողների հետ:
«Օսկանյանին ես դասում եմ և´ առաջին, և´ երկրորդ խմբի մեջ և իմ վերաբերմունքն այս առումով չի փոխվել: Եվ եթե հիշում եք 2012 թվականին, երբ այստեղ Վարդան Օսկանյանին կալանավորելու որոշում էր կայացվել, որը, ի դեպ, առաջին կետերից էր, որ մենք լուրջ հակասություններ ունեցանք ՀԱԿ-ի հետ: Ես իմ դիրքորոշումներն արտահայտել եմ` ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել և ոչ ոք թող հույս չունենա, թե ինքը այդ ոչ ոքի մեջ չի մտնում»,- ասել է Ն. Փաշինյանը: Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանում քիչ թե շատ հայտնի որևէ քաղաքական գործիչ չկա, որ Նիկոլ Փաշինյանի ցուցակում այս կամ այն հանգամանքով պայմանավորված, հայտնվելու շանս չունենա: Վերջապես, եթե փորձենք շարունակել, ապա Փաշինյանի ցուցակում կարող են հայտնվել նաև ոչ միայն իր կողմից թվարկած մարդիկ, այլև նրանց հետ հաց կիսած, նրանց բարևած սովորական քաղաքացիները: Սակայն ուշագրավն այն է, որ Փաշինյանի թվարկածների մեջ զարմանալիորեն ո´չ Լևոն Տեր-Պետրոյանի, ո´չ էլ նրա մոտիկ ու հեռու մերձավորների մասին խոսք չկա: Գուցե պատահականություն է, բայց համաձայնեք, որ բավականին ուշագրավ է ….
Հետաքրքիր է, թե Փաշինյանն արդյոք սրանով չի փորձում նորից հարաբերություններ սկսել ՀԱԿ-ի հետ, քանի որ ոխ պահելուն սովոր ՀԱԿ-ականները նույնպես շատ բան կունենան «հիշեցնելու», դրանով ժողովրդին ոտքի կանգնեցնելու և հետո փողոցում թողնել-հեռանալու կամ թեյ խմելու, կամ էլ տաքանալու ….
Արմինե Գրիգորյան