Ադրբեջանում կեղծ մեղադրանքներով դատապարտված լրագրող Ռաուֆ Միրկադիրովն ազատ է արձակվել
International newsԲաքվի վճռաբեկ դատարանի որոշումով այսօր դատարանի դահլիճից ազատ է արձակվել շինծու մեղադրանքներով դատապարտված լրագրող Ռաուֆ Միրկադիրովը:
Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, դատարանը նրա նկատմամբ 6 տարվա ազատազրկման պատիժը փոխարինել է 5 տարի ժամկետով պայմանական պատժով:
Ռաուֆ Միրկադիրովին ազատ արձակելու պահանջով Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում են գործադրել բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ:
Ռաուֆ Միրկադիրովը ձերբակալվել էր 2014 թվականի ապրիլին` Ադրբեջանի Քրեական օրենսգրքի «Հայրենիքի դավաճանություն» հոդվածով: Նրան մեղադրում են այն բանում, որ «ժողովրդական դիվանագիտության» միջազգային ծրագրով մի քանի անգամ այցելել է Հայաստան, եւ իբր, համագործակցել հայկական հատուկ ծառայությունների հետ: Նա ժխտում էր այդ մեղադրանքը:
Ռաուֆ Միրկադիրովի ապօրինի ձերբակալությունից հետո ադրբեջանցի բազմաթիվ իրավապաշտպաններ հայտարարել են, որ այդ կերպ Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է ազատվել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող անկախ իրավապաշտպաններից ու ոչ կառավարական կազմակերպություններից եւ նրանց փոխարեն ներկայացնել իշխանամետ կազմավորումներ: