Անկարայում պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության արծիվներ» խմբավորումը
International newsՄարտի 13-ին Անկարայի կենտրոնական Քըզըլայ հրապարակում 37 մարդու կյանք խլած եւ 125 մարդու վիրավորվելու պատճառ դարձած պայթյունի համար պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության արծիվներ» (ՔԱԱ) կազմակերպությունը:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, կազմակերպությանը կից ինտերնետային կայքում այդ մասին հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ այն «վրիժառուական գործողություն է « եւ ուղղված է թուրքական անվտանգության ուժերին դեմ:
Անկարայում երկաթուղային կայարանի մոտ փետրվարի 17-ին իրականացված ահաբեկչությունը եւս ստանձնել էր ՔԱԱ-ն, որի ժամանակ 29 մարդ սպանվել, 80 մարդ էլ վիրավորվել էին:
Անկարայում ավտոբուսի կանգառում պայթյունը, Թուրքիայի ՆԳՆ-ի տվյալներով` իրականացրել են մահապարտ ահաբեկիչներ 24-ամյա Սեհեր Չաղլա Դեմիրը եւ 26-ամյա Օզգյուր Ունսալը: Դեռեւս հայտնի չէ` արդյոք Օզգյուր Ունսալը հարել է որեւէ կազմակերպության:
Թուրքիայի ՆԳՆ-ն ավելի վաղ բացահայտել էր, որ Սեհերը 2013 թվականից անդամակցում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ), եւ որ ավելի ուշ նա գնացել է Սիրիա եւ պատրաստություն անցել «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ) եւ «Ժողովրդի պաշտպանության ուժեր» (ԺՊՈՒ) կազմակերպությունների կազմում: