Փոստանջյանը հաջողություն է համարում ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորներին կարգազանց համարելու օրենքի ընդունումը
PoliticsԱզգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կարևորում է այլոց փոխարեն գրանցվող և քվեարկող պատգամավորներին կարգազանց ճանաչելու մասին օրենքի ընդունումը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Զարուհի Փոստանջյանը, ով նախագծի համահեղինակն է, նշեց, թե երբեք չէր սպասում, որ իր պատգամավորական գործունեության ընթացքում կներկայացնի նման օրինագիծ, որը կարժանանա խորհրդարանի հավանությանը: «Սակայն այնպես ստացվեց, որ այդ նախագիծն արժանացավ բոլորի հավանությանը, ինչի համար ես շատ ուրախ եմ, ու դա համարում եմ փոքրիկ հաջողություն»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:
Փոստանջյանը հավելեց, թե նախագծի ընդունումը վկայում է այն մասին, որ Ազգային ժողովում կա խնդիր՝ կապված պատգամավորների հետ, ովքեր չեն հետևում կանոնակարգին:
Ազգային ժողովը մարտի 16-ին միաձայն ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կարգազանց կհամարվեն այն պատգամավորները, ովքեր կգրանցվեն կամ կքվեարկեն բացակա պատգամավորների փոխարեն: Նախագծին կողմ է քվեարկել 102 պատգամավոր: