Եվրախորհրդարանը Ադրբեջանին կոչ է արել ազատել մնացած քաղբանտարկյալներին
International newsԵվրախորհրդարանի մարդուիրավունքների գծով փոխնախագահԱլեքսանդր Լամբսդորֆը, դրական քայլ համարելով Ադրբեջանում 14 քաղբանտարկյալներին ներում շնորհելը, Բաքվին կոչ է արել ազատել մնացած քաղբանտարկյալներին եւս:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, Լամբսդորֆը Բաքվի այդ քայլը բնութագրել է որպես Եվրամիության հետ հարաբերությունները վերականգնելու Ադրբեջանի ցուցադրած հետաքրքրություն:
«Ադրբեջանը պետք է ազատ արձակի մնացած բոլոր քաղաքական բանտարկյալներին եւս», -ասել է Եվրախորհրդարանի փոխնախագահը:
Ադրբեջանցի իրավապաշտպանները գտնում են, որ 100-ից ավելի քաղբանտարկյալներից 14-ի «ներումը» չի կարող լուծել քաղբանտարկյալների խնդիրը երկրում, քանի որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ադրբեջանական իշխանությունները հարգեն մարդու իրավունքներն ու ժողովրդավարության սկզբունքները, ինչն Ադրբեջանում բացակայում է (Meydan TV):
Carnegie հիմնադրամի գիտաշխատող Թոմաս դե Վաալն էլ BBC-ին հայտարարել է, որ քաղբանտարկյալների փոքր թվի ներմանն ուղղված Բաքվի քայլը «Վաշինգտոնին հանգստացնելու նպատակ է հետապնդում»:
«Դա ԱՄՆ-ին հանգստացնելու քայլ է` նախագահ Ալիեւի Վաշինգտոնում միջուկային գագաթաժողով այցից առաջ եւ ԱՄՆ կոնգրեսում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ վիզային սահմանափակումների հետ կապված օրինագծի քննարկման շեմին», -ասել է նա:
Փորձագետը միջազգային հանրությանը կոչ է արել չմոռանալ «միայն իշխանությանը քննադատելու համար Ադրբեջանում դեռեւս ճաղերի հետեւում մնացածներին»:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` նախագահ Իլհամ Ալիեւը ներում է շնորհել միջազգային կազմակերպությունների տվյալներով այդ երկրում գտնվող 107 քաղաքական բանտարկյալներից 14-ին: