Քիչ հավանական եմ համարում՝ միայն դրա համար գրանցեն ԶԼՄ-ներին, եկամտահարկ վճարեն
PoliticsԱյսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական խմբակցությունների քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նարիա Զոհրաբյանը հարց ուղղեց նախագծի հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանին: Մինչ հարցն ուղղելը նա հայտարարեց, որ լրատվամիջոցների թվի սահմանափակումն իր համար սկզբունքային հարց է եւ իրենք ուզում են, որ մնա հին տարբերակը ու լրատվամիջոցների թիվը չսահմանափակվի: Նա նաեւ հավելեց, որ իրենց համար ընդունելի չէ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի առաջարկած այն տարբերակը, թե այն լրագրողները, որոնք կներկայացնեն փաստաթուղթ, ըստ որի, իրենք իքս ժամանակահատված է՝ աշխատում են տվյալ լրատվամիջոցում, առանց սահմանափակման կարող են մտնել ընտրատարածքներ:
Նշենք, որ այս տարբերակը, ըստ Դ. Հարությունյանի, ընդունելի տարբերակ է: Ն. Զոհրաբյանը, սակայն, կարծում է, որ այսօր այն կուսակցությունները, որ ուզում են մասնակցել ընտրությունների, կարող են այսօրվանից գրանցել լրագրողներին ու իրենց վստահված անձանց և ուղարկել որպես լրագրող: Մի շարք այլ հարցերի հետ միասին՝ Ն. Զոհրաբյանի համար նաեւ անհասկանալի է՝ որ դեպքում է քվեաթերթիկը համարվում անվավեր: «Ինչո՞ւ պարտադիր չծալված թերթիկ, դա չենք կարող բոլորին բացատրել, դա ի՞նչ բան է, որ ծալված է, համարվում է անվավեր»,- ասաց նա:
Պատասխանելով Ն. Զոհրաբյանի հարցերին եւ դիտարկումներին՝ Դավիթ Հարությունյանն սկսեց ընտրացուցակների հրապարակելու խնդրից՝ նշելով, թե դա չի նշանակում, որ ցուցակները պետք է լինեն բացարձակ գաղտնի. «Դրանք չպետք է հրապարակվեն, բայց դրանք չպետք է լինեն բացարձակ գաղտնի, այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք մեխանիզմ, որ ինչպես մեր վերահաշվարկի դիմումները ներկայացվում են, այնպես էլ կարող են տվալ տեղամասի դիտորդները ընտրացուցակը ներբեռնելու դիմում ներկայացնել: Ապացույցն ուսումնասիրում է դատարանը: Այս մեխանիզմը այլ է, պահանջի շահագրգիռ կողմերը ծանոթանում են ցուցակի հետ»,- ասաց նա:
Անդրադառնալով լրատվամիջոցների թվի սահմանափակման հարցին՝ Դ. Հարությունյանը նշեց. «Քիչ հավանական եմ համարում՝ միայն դրա համար գրանցեն ԶԼՄ-ներին, եկամտահարկ վճարեն: Ծալված լինելու դեպքում կարող է քվեաթերթիկը չդակվել, դրա համար ենք որոշել, որ չծալված լինեն»: Անդչադառնալով ազգային փոքրամասնությունների ներկայության դրույթին՝ Դ. Հարությունյանը նշեց. «Դա պոզիտիվ դիսկրիմինացիա է ազգային փոքրամասնությունների վերաբերյալ, բայց ճիշտ է, որ կուսակցությունն ինքը պետք է որոշի՝ իր կազմում ազգային փոքրամասնություններ լինե՞ն, թե՞ ոչ, դա քննարկվող հարց է»:
Ն. Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն ունի առաջարկությունների փաթեթ ու իրենք պատշաճ կարգով կներկայացնեն այն:
Սոսե Չանդոյան