Հրազդանի քաղաքապետի ընտրությունների հարցը ԵԿՄ-ի համար դարակազմիկ հարցերից չէ
PoliticsOrer.am-ն ավելի վաղ անդրադարձել էր ապրիլի 17-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններին, որոնք, ամենայն հավանականությամբ, այս անգամ բավական թեժ են լինելու: Թեժ են լինելու նախ՝ այն պատճառով, որ հիմնական մրցակիցներ համարվող գործող քաղաքապետ Արամ Դանիելյանից և Սասուն Միքայելյանից բացի, այս անգամ այլ թեկնածուներ նույնպես գրանցվեցին և արդյունքում թեկնածուների թիվը հասավ 5-ի:
Մասնավորապես, ինքնաառաջադրվեցին Ռաֆայել Գրիգորյանը և Վաղարշակ Պողոսյանը, իսկ ՀՎԿ-ից առաջադրվեց Արթուր Միսակյանը: Այս թեկնածուներն էլ դարձան այսպես ասած Հրազդանի քաղաքապետի այլընտրանքային թեկնածուները: Ուշագրավ է նաև այն, որ այս անգամ կարծես դաշտն այնքան է «ազատականացվել», որ նույնիսկ ինքնաառաջադրվողներն էլ են ցանկություն հայտնել մասնակցել ընտրություններին:
Orer.am-ը տեղեկացրել էր նաև, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ԵԿՄ-ն որոշում է կայացրել սատարել ոչ թե իր զինակցին, այլ քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանին:
Սասուն Միքայելյանն այդ մասին Orer.am-ին ասել էր, որ ինքն այդ որոշման մասին տեղյակ չէ: Պարզելու, թե իրականում ԵԿՄ-ում պաշտոնապես կա՞ նման որոշում, թե՞ այն առայժմ մնում է որպես նեղ կազմով քննարկված կուլիսային որոշում, Orer.am-ը դիմեց ԵԿՄ նախագահի խորհրդական Վարդան Վարդանյանին: «ԵԿՄ-ում այդ հարցի մասին դեռևս քննարկում չի եղել»,- հարցին ի պատասխան՝ նշեց Վ.Վարդանյանը:
Այս հարցը գուցե ԵԿՄ-ի հիմնական ու կարևորագույն խնդիրներից չէ և այդ է պատճառը, որ այն չի մտել կառույցում քննարկվող հիմնական հարցերի ցանկում, սակայն հարցն այնքանով է ուշագրավ, որ այս դեպքում խոսքը ԵԿՄ-ի դիրքորոշման մասին է, որտեղ այս կամ այն թեկնածուին պաշտպանելու որոշում կայացնելուց առաջ պետք է ընտրություն կատարեն ՀՀԿ-ի կողմից ներկայացված թեկնածուի և իրենց զինակցի միջև:
Ինչևէ, նոր է սկսվելու քարոզարշավը և այս ընթացքում դեռ շատ ջրեր կհոսեն, որի ժամանակ էլ պարզ կդառնա, թե իրականում ով ում է սատարում կամ ապագայի ինչ նախագծեր իրացնելու նպատակով: Այնուամենայնիվ, այս ընտրությունների արդյունքում պարզ կդառնա նաև այն, թե ճի՞շտ է արդյոք Սասուն Միաքայելյանի այն թեզը, թե «մարտական ընկերները չեն փոխվում»:
Արմինե Գրիգորյան