Ամերիկյան զբոսաշրջային նավը 18 կուբացի ներգաղթյալների է փրկել
International newsՖլորիդայի ափերից ոչ հեռու Royal Caribbean's Brilliance ընկերության զբոսաշրջային նավը փրկել է 18 կուբացիների, որոնք փորձել են ԱՄՆ հասնել, հայտնել է ամերիկյան առափնյա պահակազորը: 22 օր տեւած նավարկության ընթացքում նրանց հետ գտնվողներից ինը մահացել էին:
Բոլոր փրկվածների մոտ նկատվել են ուժեղ ջրազրկման նշաններ, հայտնում էBBC–ի Ռուսական ծառայությունը:
Նրանց հասցնելու են մեքսիկական Կոսումել կղզի, ուր ուղեւորվում էր կրուիզային նավը:
Առափնյա պահակազորի ներկայացուցիչ Մարք Գորդոնը ցավակցել է մահացածների ընտանիքներին ու նշել, որ նման ողբերգությունները հազվադեպ երեւույթ չեն, երբ մարդիկ նավարկության են ուղեւորվում ինքնաշեն նավակներով՝ առանց նավիգացիայի միջոցների ու փրկարարական սարքավորումների:
Առափնյա պահակազորը նաեւ հայտնել է, որ ուրբաթ Կուբա են վերադարձվել 42 մարդ, ում թույլ չեն տվել մտնել ԱՄՆ տարածք: 2014թ. վերջից, երբ ԱՄՆ ու Կուբայի դիվանագիտական հարաբերությունները կարգավորվել են, ավելացել է կղզուց ապօրինի ներգաղթյալների թիվը, որոնք փորձում են հասնել ամերիկյան ափ:
Ողբերգությունը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Հավանա կատարելիք պատմական այցից քիչ առաջ: Նա վերջին 90 տարում ԱՄՆ առաջին գործող նախագահն է լինելու, ով կայցելի Կուբա: