Թուրքական ԶԼՄ-ներին արգելվել է մանրամասներ հայտնել Ստամբուլում պայթյունի մասին
International newsԹուրքիայի իշխանությունները ԶԼՄ-ներին արգելել են մանրամասներ հաղորդել մարտի 19-ին տեղական ժամանակով ժամը 11-ին Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ պողոտայի հետ հատվող Բալո փողոցում կայմակամության (գավառական) շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքը, իշխանություններն այդ որոշումը հիմնավորել են վերջերս ընդունված օրենքով, որով ԶԼՄ-ներին արգելվում է բնակչությանը խուճապի մատնող լուրեր տարածել` «ազգային անվտանգությունն ու հասարակական կարգը լրջորեն չվնասելու» նպատակառումներով:
Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը ԶԼՄ-ներին հայտնել է, որ մահապարտ-ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետեւանքով 4 մարդ զոհվել, 20 մարդ էլ վիրավորվել են, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
CNNTurk-ն ավելի վաղ հայտնել էր, որ վիրավորներից 10-ը ոստիկանության աշխատակիցներ են:
Նման ահաբեկչական գործողություն մարտի 13-ին տեղի էր ունեցել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, որի արդյունքում 37 մարդ զոհվել, 125 մարդ էլ վիրավորվել էին:
Անկարայում վերջին 5 ամիսների ընթացքում 3 ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել: Առաջին ահաբեկչական պայթյունը տեղի էր ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ: Այն ժամանակ մահացել էին 109 քաղաքացիներ: Երկրորդ պայթյունն իրագործվել էր այս տարվա փետրվարի 17-ին, որը խլել էր 29 քաղաքացիների կյանք: