Հետագան ցույց կտա, թե ՌԴ-ն ինչ դրդապատճառներ ուներ Սիրիայից զորքերի դուրսբերման համար
International newsՍիրիայի ժողովուրդը 2016թ-ին կարծես թե միջազգային հանրության օգնությամբ փորձում է կարգավորել արդեն 5 տարի և ավելի ձգվող ճգնաժամը:
Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման ստորագրեց, համաձայն որի մարտի 15-ից սկսվեց Սիրիայից ՌԴ հիմնական ռազմական ուժերի դուրսբերումը: Այն մասին վերջինս հեռախոսազրույցի ընթացքում տեղյակ էր պահել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի որոշումը Սիրիայից իր ռազմական ուժերի մի մասի դուրսբերման մասին միտված չէ ճնշում գործադրելու Բաշար Ասադի վրա և չի նշանակում, որ Կրեմլը դժգոհ է խաղաղ կարգավորման վերաբերյալ վերջինիս կոշտ դիրքորոշումից, իսկ ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը հայտարարել է, որ չնայած այն հանգամանքին, որ հիմնական ուժերը դուրս կբերվեն Սիրիայից՝ ռուսական ինքնաթիռները կշարունակեն հարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերին:
Այս կապակցությամբ ՄԱԿ-ի ԱԽ նախագահը հայտարարել է, որ բոլոր 15 պետությունները դրական են գնահատում Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին Ռուսաստանի հայտարարությունը: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ տարիների ընթացքում առաջին անգամ որոշ դրական տեղաշարժեր են արձանագրվել սիրիական հակամարտությունում:
Սիրիական ընդդիմությունն ողջունել էր երկրից ռուսական զորքի դուրսբերման մասին Պուտինի որոշումը՝ հավելելով, որ այն լուրջ խթան կհանդիսանա խաղաղ բանակցություններին կազմակերպման համար:
Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետների կարծիքով՝ Սիրիայում Ռուսաստանի հաջողությունները կարելի է գնահատել միայն միջսիրիական բանակցություններում արդյունքի հասնելուց հետո։
National Interest-ը գրում է, որ Պուտինի նման որոշումը անակնկալ էր շատերի համար և մի շարք հարցերի տեղիք է տալիս:
Պարբերականը փորձել է գտնել Պուտինի նման որոշման պատճառը: Ըստ National Interest-ի ՌԴ-ն ավարտել է իր առաքելությունը Սիրիայում, քանի որ այն ի սկզբանե կարճաժամկետ նախագիծ էր, և ՌԴ-ն չէր խոստացել երկրի երեսից ջնջել ԻՊ-ն առհասարակ: Փոխվել են քաղաքական զարգացումները, և եթե առաջ գերտերությունները պահանջում էին Ասադի հրաժարականը, ապա ներկայումս գիտակցում են, որ հարաբերական կայունության գրավականն Ասադի Կառավարությունը է, և աջակցելով վերջինիս, ՌԴ-ն ցույց տվեց, որ Կրեմլը հավատարիմ է իր գործընկերներին:
Պարբերականը չի բացառում նաև, որ ՌԴ-ն ցանկանում է խաղից դուրս գալ հաղթանակների ֆոնի ներքո: ՌԴ-ի ներգրավումը փոխեց Սիրիական հակամարտության ողջ ընթացքն ու նշանակությունը՝ ապացուցելով, որ պաշտպանական ոլորտում իրականացված փոփոխությունները արդյունավետ էին:
Հետագան ցույց կտա՝ ինչքանով են իրական ՌԴ նախագահի և միջազգային հանրության՝ Սիրիայի հարցում գործադրվող ջանքերը: Միայն մեկ բան է ակնհայտ՝ նման քայլից կշահի թե՛ Սիրիայի ժողովուրդ և թե՛ միջազգային հանրությունը:
Նարինե Մեհրաբյան