ԱԺ նախագահը խոսել է ընտրական օրենսգրքի նախագծի վիճահարույց դրույթների մասին
PoliticsԻշխանությունները ցանկանում են վերջնական արդյունքում ունենալ այնպիսի ընտրական օրենսգիրք, որի վերաբերյալ որևէ կողմից դժգոհություններ չեն լինի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Դրա համար մենք պարբերաբար քննարկումներ ենք կազմակերպում, որպեսզի կարողանանք դա ապահովել վերջնական արդյունքում», - Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը;
Անդրադառնալով ընտրական օրենսգրքի նախագծում լրագրողների և դիտորդների թվի սահմանափակման վերաբերյալ դրույթին՝ Սահակյանն ընդգծեց, որ այդ հարցն իրենց էլ է մտահոգում: «Հիմա 8 թիվն է գրված, որովհետև Հայաստանում այդպիսի ընտրատեղամաս չկա, որտեղ 30, 40 լրագրող տեղավորվի: Եթե լրագրողները ճիշտ տարբերակ առաջարկեն, բնականաբար, դա մեր կողմից կընդունվի»,- նշեց Սահակյանը:
Հարցին, թե չի՞ կարծում, որ այդ դրույթն արհեստականորեն է մտցված, քանի որ իշխանություններն ավելի շատ խոսում են միայն այն փոխելու մասին, Սահակյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ իշխանությունները հակված են եղել նման բան անել, որովհետև արդեն ասացի, որ Հայաստանում որևէ ընտրատեղամաս չկա, որտեղ 30, 40, 100 լրագրող կտեղավորվի: Եթե դուք նոր ինչ-որ մի բան ներկայացնեք, օրինակ, հերթականությամբ մտնելու որևէ տարբերակ ունենք, բնականաբար, մեր կողմից կընդունվի»:
Գալուստ Սահակյանն անդրադարձավ նաև ստորագրված ընտրացուցակները հրապարակելու ընդիմության պահանջին: «Ես դրա մեջ ճշմարիտ բաներ չեմ տեսնում, բայց դե թող առաջարկեն, մենք կփորձենք ինչ-որ ձևով պատասխանել նաև այդ հարցերին»,- ընդգծեց ԱԺ նախագահը:
Նա անդրադարձ կատարեց նաև Ազգային ժողովի նիստերի դահլիճում ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարեն Ավագյանի և Առաքել Մովսիսիյանի պահվածքին, ովքեր լեզվակռվի էին բռնվել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: «Դրա մասին լավ կլինի խմբակցության ղեկավարին հարցնեք, որովհետև ես այստեղ չեմ եղել և տեղյակ չեմ՝ ով է մեղավոր, ինչից է սկսվել: Բացի դրանից, մենք պետք է միշտ պատրաստ լիենք, աշխարհի բոլոր խորհրդարաններն են այդպիսին: Ես միշտ ասել եմ, մեր խորհրդարանն այդ առումով մի քիչ ավելի լավն է»,- նշեց Սահակյանը:
Խոսելով այն մասին, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը ընտրական օրենսգրքի շուրջ միասնական պլատֆորմ են ձևավորում, Գալուստ Սահակյանը նկատեց, որ եթե ընդդիմադիրները են տեսնում, կարող են մարդկանց մեծ խումբ հավաքել և այդ խնդիրները ներկայացնել իշխանություններին: