Ադրբեջանի տնտեսության մեջ անկում է սկսվել
International newsԱդրբեջանի տնտեսական ցուցանիշները խիստ անհանգստացնող են: Այդ երկրի տնտեսությունը տարվա սկզբից լուրջ անկում է ապրում:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով azadlig.orgկայքը, facebook-ի իր էջում գրառել է ադրբեջանցի հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն:
Ադրբեջանցի տնտեսագետի հետազոտությունների համաձայն` ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին ՀՆԱ-ն, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 3,2 տոկոսով նվազել է: Միեւնույն ժամանակ 5,5 տոկոսով ՀՆԱ-ն ընկել է ոչ նավթային հատվածում:
«Այդ ժամանակաշրջանում նախորդ տարվա համեմատ 33,4 տոկոսով աշխատանքները նվազել են շինարարության եւ 5,3 տոկոսով` բեռնափոխադրման հատվածներում: Տարվա առաջին ամսում հաջողվել է հավաքագրել բյուջեում նախատեսված եկամուտների յուրաքանչյուր 5 մանաթից 4-ը, կյանքի է կոչվել ծրագրված ծախսերի յուրաքանչյուր 5 մանաթից 2-ը», -նշել է նա:
Նրա խոսքով` այս տարվա հունվարին արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է անցյալ տարվա նույն ամսվա երեք քառորդը: Այդ ժամանակաշրջանի համեմատ` ոչ նավթային հատվածի արտահանման ծավալը կիսով չափ կրճատվել է:
«Ամենաանհանգստացնողը ոչ նավթային հատվածում արտադրության եւ արտահանման մեջ խոր անկման միտման առկայությունն է: Հիշյալ ժամանակաշրջանում սպառողական գների ինդեքսը 11,7 տոկոսով, մթերքների գները` 14,8 տոկոսով, ոչ մթերային արտադրանքի գինը 15,7 տոկոսով աճել են: Դրա դիմաց բնակչության եկամուտներն աճել են ընդամենը 10 տոկոսով», -գրել է Իբադօղլուն` նշելով, որ երկու անգամ (27,5 տոկոսով) աճել է խնդրահարույց վարկերի (չվերադարձվող) ծավալը:
«Ադրբեջանի տնտեսության անկումն արդեն երեք ամիս է` սկսված է», -նշել է ադրբեջանցի տնտեսագետը: