Միշտ պատրաստ եմ դժվար պահերին թիմին իմ հետևից տանել. Հենրիխ Մխիթարյան
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները կփորձեն օգնել նորեկներին՝ թիմին մերվելու համար: Հավաքականի բաց մարզումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Թիմում կան նորեկներ, և մենք փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի նրա նք շուտ մերվեն թիմին և մեզ օգուտ տան»,- ասաց Մխիթարյանը:
Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ մարզում է անցկացրել գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ:
«Շատ լավ մարզում անցկացրինք նոր մարզչի գլխավորությամբ: Հույս ունեմ՝ շատ լավ կպատրաստվենք Բելառուսի դեմ առաջիկա խաղին»,- հավելեց Հենրիխ Մխիթարյանը:
Դիտարկմանը, թե Ռոման Բերեզովսկուց հետո թիմի ավագի պարտականություններն ինքն է ստանձնել, Մխիթարյանը նկատեց, որ ավագի թևկապն այնքան էլ կապ չունի թիմին իր հետևից տանելու համար:
«Ես կարծում եմ, որ ֆուտբոլիստը պետք է կարողանա դժվար պահերին թիմին իր հետևից տանել: Ոչ մի նշանակություն չունի՝ կլինեմ թիմի ավագ, թե չեմ լինի: Ես միշտ պատրաստ եմ թիմին իմ հետևից տանել և օգնել խաղընկարներիս»,- ընդգծեց Հենրիխ Մխիթարյանը:
Երկար տարիներ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Բելառուսի դեմ կայանալիք առաջիկա խաղում կանցկացնի իր հրաժեշտի հանդիպումը: Մխիթարյանն ընդգծեց, որ հնարավորինս ամեն ինչ անելու են նրան բարձր տրամադրությամբ հաջողություն մաղթելու համար: