Եվրոպական երկրները պետք է հավասարապես զբաղվեն փախստականների խնդրի լուծմամբ. Մաթիաս Քիսլեր
International newsՇենգենյան ներքին սահմանների մասամբ փակված լինելը չի կարող մշտական երևույթ դառնալ: Պետք է շուտափույտ քայլեր ձեռնարկել դրանք վերաբացելու համար: Այսպիսի հայտարարությամբ է այսօր հանդես եկել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Գերմանիայի դեսպանը, «Կարիտաս» միության ղեկավար, քաղաքագետ ու հրապարակախոս Մարի Կրոյցերը, Վիեննայի համալսարանի դասախոս և Քաղաքագիտության ավստրիական ընկերության անդամ դոկտոր Թոմաս Շմիդինգերն ու ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, դոկտոր պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Փախուստ և միգրացիա դեպի Եվրոպա. ինչպե՞ս հաղթահարել պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերները» թեմայով քննարկում ունեցան:
Դեսպան Քիսլերը նշեց, որ պետք է ապահովել նաև շենգենյան տարածքի արտաքին սահմանների անվտանգությունը: «Պետք է մեծ ջանքեր գործադրենք Եվրոպայի սահմաններով մարդկանց անօրինական և վտանգավոր փոխադրումը վերահսկելու համար: Այդ բեռի բաշխումը եվրոպական երկրների միջև պետք է ավելի արդար իրականացվի, միայն մի քանի երկիր չեն կարող դա անել»,- իր խոսքում ասաց Քիսլերը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս բազմիցս նշել է, որ խնդիրը պահանջում է համաեվրոպական լուծում: Դեսպանը նաև ընդգծեց, որ Սիրիայի հարևան երկրներին պետք է աջակցել փախստականն երին հումանիտար և այլ տեսակի օգնություն ցուցաբերելու հարցում:
«Մենք սկիզբից ևեթ հստակեցրել ենք, որ փախտսականների՝ ապաստան ստանալու հարցը սերտորեն առնչվում է նրա հետ, թե արդյոք այդ մարդիկ ժամանում են պատերզմող երկրների՞ց, թե քաղքական հետապնդումների են ենթարկվում»,- ավելացրեց դեսպանը: Սա նշանակում է, որ ապահով երկրներից բացառապես տնտեսական դրդապատճառներով Գերմանիա ժամանող մարդիկ որոշ ժամանակ անց կարող են արտաքսվել: Քիսլերը նշեց, որ վերջին շրջանում Գերմանիա եկած փախստականների թիվը կրճատվել է: Դեկտեմբերին ժամանել է 127.000 փախստական, հունվարին՝ 91.000, իսկ փետրվարին՝ 61.000, բայց միևնույն է, թիվը զգալիորեն զիջում է նախորդ տարվա ցուցանիշներին:
Մարի Կրոյցերը ներկայացրեց խնդրի լուծման ավստրիական փորձը: Ավստրիական «Կարիտաս» կազմակերպությունը զբաղվում է ոչ միայն փախստականների խնդրով, այլև տեղեկատավական իրազեկում է իրականացնում Ավստրիայի բնակչության շրջանում:«Կարևոր է, որ հասարակության մեջ լինի մի հարթակ, որտեղ թե փախստականները, թե տվյալ երկրի բնակչությունը կկարողանան խոսել կոնֆլիկտների մասին և դրանք հաղթահարել համատեղ ջանքերով»,- հավելեց Կրոյցերը:
Ըստ Գերմանիայի դեսպանի՝ փախստականների՝ Միջերկրական ծովով տեղ հասնելու գլխավոր ճանապարհին փոխարինել է բալկանյանը:
Թոմաս Շմիդինգերն իր հերթին նշեց, որ նախկինում փախստականները մեծ մասամբ ուղևորվում էին հարևան երկրներ. նրանց հոսքը դեպի Եվրոպա տարածվել է վերջին տարիներին: Հիմնականում , ըստ նրա, փախստականները կորցրել են հարևան երկրներում աջակցություն ստանալու հույսը, մյուս կողմից՝ կրճատվել է հումանիտար օգնությունը: Խոսելով ահաբեկչությունից՝ Շմիդինգերը նաև հավելեց, որ հաճախ նման խմբակցությունների անդամ են դառնում երիտասարդները, որոնց մեջ քիչ չեն ոչ մուսուլմանները: «Ռասայական և կրոնական խտրականություն դնողներն օգտվում են այս խմբակցությունների ստեղծած իրավիճակից՝ առանց հասկանալու, որ նրանց ջրաղացին ջուր են լցնում»,- ավելացրեց Շմիդինգերը: