Ադրբեջանում 16-ամյա աղջիկը գնդակահարել է իրեն
International newsԱդրբեջանի Նեվթեչալա քաղաքում 16-ամյա Այթաջ Գասըմովան որսորդական հրացանով կրակել է իր վրա:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով haqqin.az լրատվական կայքը, անչափահաս աղջիկը տեղում մահացել է: Նրա ինքնասպանության դիմելու պատճառը հայտնի չէ:
Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:
Նշենք, որ Ադրբեջանում այս տարի սա անչափահասի ինքնասպանության դիմելու արդեն 7-րդ դեպքն է:
Ադրբեջանում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չի անցկացվում: Սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, այս տարվա ընթացքում այդ երկրում արդեն 97 ինքնասպանության դեպք եւ 58 ինքնասպանության փորձ է գրանցվել:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում հոգեբան Ազադ Իսազադեն հայտնել է, որ 2011 թվականից սկսած` Ադրբեջանում ինքնասպանությունների թիվը մեծացել է:
Նրա խոսքով` Ադրբեջանում վերջին մեկ տարում ստեղծված տնտեսական ճգնաժամն ավելի է մեծացնում ինքնասպանություն գործելու ռիսկը:
«Ավելի վաղ ռիսկի խումբ մտնում էին անչափահասները եւ 55-60 տարեկան մարդիկ: Այժմ ի հայտ է եկել վարկերի հետ կապված խումբ», -ասել է նա:
Իսազադեն նաեւ նշել է, որ ամենաշատ ինքնասպանություններ տեղի են ունենում տվյալ խմբի ներկայացուցիչների մեջ: Նրա խոսքով` սոցիալական վիճակն ավելի է խորացնում այդ խնդիրը:
«Ցավոք, ինքնասպանությունները կանխելու համար միջոցներ չեն ձեռնարկվում: Մենք այդ հարցով զբաղվող կենտրոն կամ հաստատություն չունենք: Վիճակագրություն չի անցկացվում, մենք չգիտենք ինչպիսին է վիճակը շրջաններում: Իրական հետազոտություններ չկան, մենք կարող ենք հաշվել միայն այն, ինչ տրամադրում է մամուլը: Մենք տեղեկություն չունենք նաեւ ինքնասպանության պատճառների եւ բնույթի մասին», -հավելել է ադրբեջանցի հոգեբանը: