Ադրբեջանի վճարման հաշվեկշիռը բացասական է դարձել
International newsԱդրբեջանի կենտրոնական բանկը հայտնել է, որ վերջին 10 տարում առաջին անգամ էժանացած նավթի արտահանումից եկամուտների կտրուկ անկման ֆոնին ընթացիկ գործողությունների հաշիվը բացասական է դարձել:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Reuters լրատվական գործակալությունը, բացասական հաշվեկշիռը, մեկ տարի առաջ եղած 10,4 մլրդ դոլար եկամուտի դիմաց, ներկայում կազմել է 222,5 մլն դոլար: Կարգավորիչը կանխատեսել է 500 մլն դոլար շահույթ:
Ադրբեջանի ԿԲ վիճակագրության տվյալներով` 2006 թվականին ընթացիկ հաշիվներով վճարման հաշվեկշռի գծով եկամուտը կազմել էր 3,7 մլրդ դոլար` հետագայում աճելով 2011 թվականին հասել 17,1 մլրդ դոլարի: 2015 թվականին հաշվեկշիռը վերջին տասը տարում առաջին անգամ դարձել է բացասական. 11,3 մլրդ դոլար` 2014 թվականին եղած 4,2 մլրդ դոլար դրական մնացորդի դիմաց:
2015 թվականի հունվար-դեկտեմբերին Ադրբեջանի նավթագազային հատվածում վճարման հաշվեկշռի եկամուտը, 2014 թվականի վերջին եղած 20,1 մլրդ դոլարի համեմատ, ընկել է մինչեւ 10,1 մլրդ դոլար: Վճարման հաշվեկշռի հաշվարկման ժամանակ նավթի միջին գինը, մեկ տարի առաջ մեկ բարելի դիմաց եղած 95 դոլարից կրճատվել է մինչեւ 48 դոլար: Ներկայում նավթի միջին գինը մեկ բարելի դիմաց կազմում է մոտ 40 դոլար:
«Ազադլըգ» թերթը հայտնել է, որ Ադրբեջանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալը 2016 թվականի հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազել է 3,4 մլրդ դոլարով կամ 40 տոկոսով:
«Թուրան» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին, հաղորդել է, որ Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2016 թվականի հունվար-փետրվարին կազմել է 2,2 մլրդ դոլար, ինչը 45,5 տոկոսով փոքր է` 2015 թվականի նույն ժամանակաշրջանի հետ համեմատ:
Ըստ «Ազադլըգ» ռադիոկայանի` ադրբեջանցի հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն համոզմունք է հայտնել, որ «Ադրբեջանի տնտեսության անկումն արդեն երեք ամիս է` սկսված է»:
« Նրա խոսքով` այս տարվա հունվարին արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է անցյալ տարվա նույն ամսվա երեք քառորդը: Այդ ժամանակաշրջանի համեմատ` ոչ նավթային հատվածի արտահանման ծավալը կիսով չափ կրճատվել է:
«Ամենաանհանգստացնողը ոչ նավթային հատվածում արտադրության եւ արտահանման մեջ խորն անկման միտման առկայությունն է: Հիշյալ ժամանակաշրջանում սպառողական գների ինդեքսը 11,7 տոկոսով, մթերքների գները` 14,8 տոկոսով, ոչ մթերային արտադրանքի գինը 15,7 տոկոսով աճել են: Դրա դիմաց բնակչության եկամուտներն աճել են ընդամենը 10 տոկոսով»,- գրել է Իբադօղլուն` նշելով, որ երկու անգամ (27,5 տոկոսով) աճել է խնդրահարույց (չվերադարձվող) վարկերի ծավալը:
The Financial Times թերթը գրում է, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսից ավելին կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: