Թուրքիայում ձերբակալվել է ռուսական Սու-24-ի օդաչուի սպանությունը ստանձնած գրոհայինը
International newsԹուրքիայի իշխանությունները ձերբակալել են գրոհային Արլփասլան Չալիկին, ով ավելի վաղ ստանձնել էր Սիրիայի տարածքում խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչու Օլեգ Պեշկովի սպանությունը:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, վկայակոչելով թուրքական «Հուրիեթ » պարբերականը:
Նշվում է, որ Չելիկը վերադարձել է Սիրիայից, որտեղ գրոհայինների կազմում մարտնչում էր Սիրիայի կառավարական ուժերի դեմ: Նա ձերբակալվել է Թուրքիայի արևմուտքում՝ Իզմիրի ռեստորաններից մեկում: Ձերբակալման պատճառը չի նշվում:
Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը ևս հայտնում է Չալիկի ձերբակալության մասին՝ վկայակոչելով թուրքական «Դողան» գործակալությունը: Ինչպես հաղորդում է գործակալությունը, Չալիկը ձերբակալվել է թուրքական Իզմիր քաղաքի ռեստորաններից մեկում՝ ևս 14 կասկածյալների հետ միասին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ պաշտոնական Մոսկվան ճշտում է տեղեկատվությունը և գնահատական կտա ավելի ուշ:
Թուրքիան ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը խոցել է նոյեմբերի վերջին: Ինքնաթիռից կատապուլտի պահին օդաչու Օլեգ Պեշկովի ուղղությամբ կրակոցներ էին արձակվել սիրիական թուրքմենների վերահսկողության տակ գտնվող տարածքից: Ավելի ուշ Պեշկովի սպանությանն առնչություն ունենալու մասին հայտարարել էր Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիկը: