Հայկական կողմին չեն բավարարում առաջնագծում իրավիճակի վերաբերյալ հավասարության նշան դնող գնահատականները
PoliticsՀայկական կողմին չեն բավարարում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հավասարության նշան դնող գնահատականները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ ԷդուարդՇարմազանովը: «Այսօր Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների կողմից ընդունված հայտարարության մեջ մենք հստակ նշել ենք, որ մեզ չեն բավարարում հավասարության նշան դնող գնահատականները՝ անկախ նրանից, թե ով է դա անում: Մեր հայտարարությամբ մենք փաստում ենք, որ, ի վերջո, դահիճը պետք է անվանվի դահիճ, հանցագործը՝ հանցագործ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հստակ հայտարարել է, որ Ադրբեջանն է նախահարձակ եղել: «Ես կարծում եմ, որ հիմա Մինսկի խմբի համանախագահ երկրները շատ լավ գիտեն, թե ով է առաջինն սկսել: Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը ունեն բոլոր տեխնիկական հնարավորությունները՝ իմանալու համար, թե ով է այս ագրեսիայի և ահաբեկչության հիմնադիրը, ով է թշնամանք սերմանում և լարվածություն առաջացնում: Եվ հավասարության նշան դնող հայտարարությունները՝ կհնչեն դրանք Փարիզից, Մոսկվայից, Վաշինգտոնից, թե Սան Ֆրանցիսկոյից, բնականաբար, չեն կարող օժանդակել այս կարգավորմանը: Ադրբեջանը բացահայտ ագրեսիա է սկսել Արցախի ժողովրդի դեմ, և մենք Ազգային ժողովի 6 խմբակցություններով թղթին ենք տվել այն, ինչ մտածում ենք, որին ես ավելացնելու բան չունեմ»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Հարցին, թե ինչի՞ հետևանքով են Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը և միջազգային որոշ կառույցներ հավասարության նշան դնող հայտարարություններ անում, Շարմազանովը պատասխանեց. «Քաղաքականության մեջ կա երևացող շերտ և չերևացող շերտ: Ես գրեթե համոզված եմ, որ չերևացող շերտով հստակ ասվել է, ինչ ասվել է: Բայց կա նաև երևացող շերտը, և անհրաժեշտություն կա, որ ավելի հստակ գնահատականներ հնչեն: Ես արդեն հայտարարել եմ, որ սա նաև արդյունք է նրա, որ միջազգային հանրությունը՝ այդ թվում նաև Մինսկի խումբը, արել են հավասարության նշան դնող հայտարարությ ուններ»,- հավելեց նա:
ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ այս պահին ամենաառաջնային ակնկալիքն այն է, որ Արցախի պաշտպանության բանակը խաղաղություն պարտադրի հակառակորդին, իսկ մնացած հարցերը դիվանագետները հերթով կիրականացնեն: «Հիմա մեր հայրենակիցներն Արցախում խնդիր պետք է լուծեն, որովհետև տեղի է ունեցել ագրեսիա, տեղի է ունեցել ահաբեկչություն: Բոլոր այն գնահատականները, որ հնչում են թե Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, թե Արցախի պաշտպանական բանակից, ես պաշտպանում եմ որպես քաղաքական գործիչ և անհատ քաղաքացի: Ես ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր քաղաքական գործիչներին՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, Նիկոլ Փաշինյանին և մնացածներին, քաղաքական ուժերին՝ «Լուսավոր Հայաստան», «Ազատ դեմոկրատներ», ՀՀՇ, ՀՅԴ, «Հայկական վերածնունդ», «Ժառանգություն», «Ալյանս», ԲՀԿ կուսակցություններին, մեր երկրապահներին, ձեզ սիրելի լրագրողներ, այն միասնականության համար, որ այսօր կա մեր հանրության մեջ: Այսօր այն պահն է, որ մեզ պետք է կոնսոլիդացիա: Այսօր չկա իշխանություն և ընդդիմություն: Ինձ համար այսօր երկրորդական է, թե ով որ կուսակցության անդամ է: Մենք բոլ որս հայ ենք»,- եզրափակեց Շարմազանովը: