Հայաստանի հավաքականները պատրաստ են Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը
SportԾանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը լրջագույնս է պատրաստվել:
Նորվեգիայի Ֆորդե քաղաքում ապրիլի 8-ից մեկնարկելու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները կմասնակցեն ներկա պահին առկա հնարավոր ուժեղագույն կազմով:
«Կանանց հավաքականը կմասնակցի ամբողջական կազմով՝ 7 ներկայացուցիչներով: Թիմում կլինեն բոլոր ուժեղագույնները Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելա Յայլյանը (58 կգ), Քրիստինե Պետրոսյանը (63 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ), Արփինե Դալալյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ): Կանանց թիմի ընտրության հարցում մտահոգվելու որեւէ առիթ չունենք»,- նշեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Ծանրամարտի տղամարդկանց հավաքականը եւս մարտական կազմով կգնա Նորվեգիա, չնայած մեծ հարցականի տակ է Ռուբեն Ալեքսանյանի մասնակցությունը. «Ծանրամարտիկը վնասվածք ունի:
Կարծում եմ՝ չի հասցնելու ապաքինվել, սակայն դեռեւս չունենք վերջնական որոշում, թե ինչ կլինի, եթե Ալեքսանյանը չմասնակցի: Ամեն դեպքում երկու տարբերակ կա. կամ կմասնակցենք առանց խոստումնալից երիտասարդ ծանրամարտիկի, կամ նրա փոխարեն այլ մարզիկի կվերցնենք»:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայանալու է ամբողջական կազմով՝ 10 քաշային կարգերում: Չնայած Ալեքսանյանի բացակայությանը՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու շանս կստանան Սմբատ Մարգարյանը (56 կգ), Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Տիգրան Մարտիրոսյանը եւ Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) եւ Գոռ Մինասյանը (105+ կգ): Եվրոպայի ծանրամարտի առաջնության մասնակիցների կազմում կլինեն նաեւ Առաքել Միրզոյանը եւ Ռոստամ Կարապետյանը:
Փաշիկ Ալավերդյանը հույս հայտնեց, որ թիմային հաշվարկով թե՛ աղջիկների, թե՛ տղաների ուժեղ հավաքականները բարձր տեղ կզբաղեցնեն, ինչը հնարավորություն կտա Օլիմպիական խաղերի մասնակցության լրացուցիչ տեղեր ունենալ: