Յուրգեն Կլոպին անակնկալ է սպասվում. Տուխել
Sport«Սիգնալ Իդունա Պարկ»-ում կայացել է Դորտմունդի«Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ՝ ԹոմասՏուխելի ասուլիսը, որի ընթացքում մարզիչը խոսել է Եվրոպայի լիգայի մրցաշարի 1/4 եզրափակիչում «Լիվերպուլի» դեմ խաղի մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Տուխելը իր նախկին թիմի՝ «Մայնց 05»-ի դեմ խաղում ևս մեկ անգամ ապացուցեց իր բարձրակարգ մարզիչ լինելու փաստը, Բունդեսլիգայի 26-րդ տուրում իր հարկի տակ հաղթելով «Մայնց 05»-ին 2:0 հաշվով: Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզչին այս անգամ նույնպես հնարավորություն է ընձեռվել հերթական անգամ ապացուցել, որ նա «դեղնասևերի» թիմի արժանի մարզիչ է:
«Բորուսիա Դորտմունդ»-ն ընդդեմ«Լիվերպուլ»-ի
Եվրոպայի լիգայի մրցաշարի 1/4 եզրափակիչում դորտմունդցիները կհյուրընկալեն անգլիական ակումբին, որի գլխավոր մարզիչը 2015 թվականի հոկտեմբերի 8-ից «Բորուսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յորգեն Կլոպն է: Ֆանտաստիկ վիճակահանություն է տեղի ունեցել: Տուխելը և Կլոպը նախկինում գլխավորել են «Մայնց 05»-ը, հետագայում Կլոպը դարձավ Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզի չը, իսկ այժմ Տուխելն է նրա փոխարեն դորտմունդյան ակումբի ղեկին: Այս հանդիպումը նախկին ու ներկա մարզիչների ռազմավարական բախումն է:
Եվրոպայի լիգայի 2015-2016 մարցաշարում երկու մարզիչների անցած ճանապարհը համառոտ
Յորգեն Կլոպը Եվրոպայի լիգայի մրցաշարում, որպես «Լիվերպուլ» ակումբի գլխավոր մարզիչ, անցկացրել է 8 խաղ, որոնցից չորսում իր թիմը հաղթանակ է տոնել, ևս 4 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:
Թոմաս Տուխելը Եվրոպայի լիգայի մրցաշարը «Բորուսիա»-ի հետ սկսել է 3-րդ որակավորման փուլից: Ընդհանուր հաշվարկով Տուխելն անցկացրել է իր թիմի հետ 14 հանդիպում, որոնցից 11-ում դորտմունդցիները հաղթանակ են տոնել, մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի, ևս երկու հանդիպումում, որոնք որոշիչ ելք չեն ունեցել թիմի համար, «Բորուսիա»-ն պարտվել է C խմբում ընդգրկված ռուսական «Կրասնոդար» և հունական «ՊԱՕԿ» թիմերին, համապատասխանաբար 1:0 և 0:1 հաշվով: Խմբային մրցաշարում ամենախոշոր հաշիվը «դեղնասևերը» գրանցել են ադրբեջանական «Գաբալա» ակումբÕ « հետ խաղում ՝ 4:0:
Տուխելի մտորումները «Լիվերպուլ»-ի մասին
«Լիվերպուլ»-ը խաղից խաղ ավելի լավ է դրսևորում խաղադաշտում: Մեզ համար նրանք չափազանց բարդ մրցակից են: Դժվար կլինի ճեղքել պաշտպանությունը և ստեղծել գոլային պահեր, քանի որ նրանք շատ արագ են կազմակերպում նահանջը: Մեր ֆուտբոլիստները կարող են հանդես գալ իրենց լավագույն կողմերով: Նրանք մի քանի շաբաթ և ամիս շարունակ ապացուցում են, որ կարող են ցուցադրել բարձր որակ և աշխատասիրություն:
Մենք, ըստ էության, հաշվի ենք առնում կատարել փոփոխություններ, ինչը չենք արել մինչ այս պահը, քանի որ թիմը դիտվում էր հանգիստ և կենտրոնացած: Մենք այս հանդիպմանը մոտենում ենք հավասարակշռված և մանրամասն ուսումնասիրում ենք հնարավոր զարգացումները: Լավագույն արդյունավետությունը՝ երբ ամենաբարդ խնդիրները լուծված են», -ասել է Թոմաս Տուխելը:
Տուխելը՝ Յորգեն Կլոպի մասին
«Երբ Կլոպը գլխավորում էր «Բորուսիա»-ն, իսկ ես «Մայնց 05»-ը, նա այս թիմերի միջև ամեն խաղից առաջ իր ֆուտբոլիստներին մոտիվացնում էր` ասելով, որ հանդիպման ֆավորիտը «Մայնց 05»-ն է, և ամեն անգամ հաղթում էր: Նա թիմին ներշնչում էր ետնապահ ակումբի զգացողություն, ինչը տալիս էր իր արդյունքը: Այս անգամ մենք թույլ չենք տա նման բան», - ասել է Թոմաս Տուխելը:
Ինչպե՞ս կդիմավորեն Կլոպին Դորտմունդում
«Յուրգեն Կլոպին սպասում է անակնկալ, ոչ ոք չի մոռացել «Բորուսիա»-ում նրա կատարած աշխատանքի մասին: Սակայն մրցավարի սուլիչից հետո ամեն բան կփոխվի և նրա հիմնական նպատակը կլինի արդյունքի հասնել «Բորուսիա»-ի դեմ խաղում»,- նշել է Տուխելը:
Սպասվող մարտավարությունը
Ինչպես բոլորս գիտենք Թոմաս Տուխելը մամուլի ասուլիսների ժամանակ միշտ խուսափում է հայտարարել մեկնարկային կազմը: Եվրոպայի լիգայի մրցաշարի 1/4 եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիա»-ի նախնական մեկնարկային կազմում ապրիլի 6-ի դրությամբ հայտավորված են դարպասապահ Ռոման Վայդենֆելերը, պաշտպաններ Լուկաշ Պիշչեկը, Մաթս Հյումելսը, Սոկրատիս Պապաստադոպուլոսը, կիսապաշտպաններ Նուրի Շահինը և Յուլիան Վայգելը, հարձակվողական ոճի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը, Շինջի Կագավան, Մարկո Ռոյսը, ազատ հարձակվողի դիքում Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Դորտմունդյան ակումբի մարզիչը ընտրել է 4-2-3-1 նախնական հայտարարված շարվածքը:
Եվրոպայի լիգայի մրցաշարի 1/4 եզրափակիչի «Բորուսիա Դորտմունդ»-«Լիվերպուլ» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին «Վերֆալեն շտադիում» մարզադաշտում Երևանի ժամանակով 23:05-ին: