Վալերի Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին
SocietyՎալերի Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին: Դատարանն այս նիստին բավարարեց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպանների միջնորդությունը՝ մինչև հաջորդ դատական նիստը դիմել ռուսական կողմին՝ պարզելու համար՝ արդյո՞ք քրեական նոր գործեր հարուցվել գործի շրջանակներում և Պերմյակովի «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցում արված գրառումների համաձայն մարդիկ հարցաքննվել են թե ոչ:
Փաստաբանները նաև դիմեցին դատարանին` լրացուցիչ հարցում անելու Պերմյակովի ծառայակիցների՝ հատկապես Վլադիմիր Տառասովի և Անդրեյ Նիկիշինի գտնվելու վայրի և հասցեների վերաբերյալ: Դատարանը ստացել էր որոշակի տեղեկատվություն վերջիններիս գտնվելու վայրի վերաբերյալ. ըստ դատարանի ստացած տեղեկության Անդրեյ Նիկիշինը գտնվում է ՌԴ Սվերդլովի մարզում, իսկ Վլադիմիր Տառասովը՝ Վոլգոգրադում: Այս տեղեկությունները կհեշտացնի վերջիններիս հասցեները ճշտելու ու դատակոչելու գործընթացը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան՝ ժամը 06:00-ի սահմաններում. նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ:
Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին» և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: