Զենքի վաճառքը Հայաստանին և Ադրբեջանին պետք է լինի զսպման գործոն. Մեդվեդև
International newsՌուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ: «Եթե մենք մեկ րոպե պատկերացնենք, որ Ռուսաստանը հրաժարվում է այդ դերից, ապա հիանալի հասկանում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա: Զենք կգնեն այլ երկրներից, դրանից, սակայն, զենքի մահացու լինելու աստիճանը չի նվազի, սակայն այդ պարագայում ինչ-որ չափով կխաթարվի հավասարակշռությունն այն համատեքստում, որ մենք տեղյակ ենք մեր գործընկերների պահանջմունքներից, և բոլորն էլ հասկանում են թե ինչպիսին է տարածաշրջանում ուժերի դասավորությունը»,- Արմենպրեսի փոխանցմամբ` ասել է Մեդվեդևը:
ՌԴ վարչապետը նաև կարծիք է հայտնել, որ տարածաշրջանի զենքի շուկայում այլ մատակարար երկրների հայտնվելն էլ ավելի կբարդացնի իրավիճակը: «Զենքը կարող է և պետք է ձեռք բերվի ոչ միայն այն օգտագործելու համար, այլ որպեսզի այն լինի զսպման գործոն, և այս պահը պետք է հաշվի առնեն հակամարտության բոլոր կողմերը»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:
Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը գործընկեր երկիր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար, իսկ Հայաստանը նաև դաշնակից է ՀԱՊԿ շրջանակներում: