Զինադադարից հետո մինչեւ այս ապրիլ Ադրբեջանի ԶՈւ-ն 2000 կորուստ եւ վիրավոր է ունեցել. փորձագետ
International newsԱդրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի միջեւ զինադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո` 1994 թվականի մայիսի 12-ից մինչեւ 2016 թվականի ապրիլ հակամարտ զորքերի շփման գծում սպանվել եւ վիրավորվել են Ադրբեջանի ԶՈւ-ի մոտ 2 հազար զինծառայողներ: Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, հայտնում է ադրբեջանական «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը:
Կառույցի ղեկավար Ջասուր Սումերենլիի խոսքով` այդ ժամակաշրջանում հակառակ կողմի գնդակից սպանվել է ադրբեջանական նվազագույնը 785 զինծառայող: Այդ ժամանակաշրջանում ադրբեջանական կողմից վիրավորվածների ընդհանուր թիվը մոտ 850 է:
«Այդ ցուցանիշները կազմվել են ադրբեջանական ԶԼՄ-ների վրա կատարված մեր հետազոտությունների, ռազմական աղբյուրներից ստացած տեղեկությունների եւ զինծառայողների ծնողներից մեր ստացած տեղեկությունների հիման վրա», -ասել է նա:
Նրա խոսքով` 22 տարիների ընթացքում 125-ից ավելի ադրբեջանցի զինծառայող մահացել է ականի պայթյունից, նույն պատճառով վիրավորվել է 210-ից ավելի զինծառայող:
Բացի այդ, նույն ժամանակաշրջանում սպանվել է Ադրբեջանի 30-ից ավելի քաղաքացիական անձ, վիրավորվել 70-ից ավելի քաղաքացի: Ականի պայթյունից մահացած քաղաքացիական անձանց թիվը կազմել է 35, վիրավորվածների թիվը` 52 հոգի: Այդ ժամանակաշրջանում Ադրբեջանի 10 քաղաքացիական անձինք պատանդ են առնվել, հետո` վերադարձվել:
Սումերենլիի խոսքով` այդ ժամանակաշրջանում Ադրբեջանի ԶՈւ 30-ից ավելի զինծառայող գերի է վերցվել: Նրանցից 5-ն ուղարկվել է երրորդ երկիր, մնացածները տարբեր ժամանակներում վերադարձվել են Ադրբեջանին:
Ջասուր Սումերենլին չի բացառել, որ բերված բոլոր ցուցանիշները կարող են նշվածից ավելի մեծ լինել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինադադարի ժամանակաշրջանում կորուստների ընդհանուր թվի վերաբերյալ մինչ այժմ տեղեկություն չի հայտնել, նշել է «Խազար»-ի ղեկավարը: