Ծանրամարտիկների նորվեգական օրակարգը հայտնի է
SportՆորվեգիայի Ֆյորդե քաղաքում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի կանանց և տղամարդկանց առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները պայքարը սկսելու են ապրիլի 11-ից:ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանը Նորվեգիա է ժամանել մեծ պատվիրակությամբ. Հայաստանի ծանրամարտի կանաց և տղամարդկանց հավաքականները արդեն մրցավայր են ժամանել: Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հավաքականները հանդես կգան ամբողջական կազմերով՝ 7-ական ներկայացուցիչներով:
Առաջինը պայքարի մեջ կմտնի 53 կգ քաշային Աննա Գովելյանը, ով կմրցի B ենթախմբում: Ապրիլի 12-ին մեդալների համար կպայքարեն Իզաբելլա Յայլյանը (58 կգ, A ենթախումբ), Վանիկ Ավետիսյանը (69 կգ, A ենթախումբ) և Ռոստամ Կարապետյանը (69 կգ, A ենթախումբ):
Ապրիլի 13-ին Հայաստանի ներկայացուցիչներից մրցումներին կմասնակցեն 4 մարզիկ: Տղամարդկանց պայքարում C ենթախմբում կմրցի Առաքել Միրզոյանը (85 կգ), իսկ 77 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարեն Անդրանիկ Կարապետյանը և Տիգրան Մարտիրոսյանը: Կանանց պայքարում ելույթ կունենա 63 կգ քաշային Քրիստինե Պետրոսյանը, ով ընդգրկված է A ենթախմբում:
Ապրիլի 14-ին Աղասի Ազասյանը (85 կգ, B ենթախումբ) և աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը (69 կգ, A ենթախումբ) կպայքարեն լավագույնի կոչման համար: Ապրիլի 15-ին Հայաստանի ներկայացուցիչներից կմրցի միայն Սոնա Պողոսյանը (75 կգ, A ենթախումբ):
Եվրոպայի առաջնության վերջին օրը մրցահարթակ դուրս կգան ծանր և գերծանր քաշային կարգերի մարզիկները: Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Գոռ Մինասյանը (105+ կգ) տղամարդկանց պայքարում կներկայանան A ենթախմբում: Կանանց 75+ կգ քաշային կարգում ոսկե մեդալների համար կպայքարեն Հռիփսիմե Խուրշուդյանը և Արփինե Դալալյանը:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամներ Սմբատ Մարգարյանը և Ռուբեն Ալեքսանյանը չեն մասնակցի Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը: 56 կգ քաշային ծանրամարտիկ Մարգարյանը Եվրոպայի առաջնությունից առաջ վնասվածք է ստացել և չի մասնակցելու Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայանալիք խոշոր մրցաշարին:
Ավելի վաղ հայտնի էր, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռուբեն Ալեքսանյանը ևս վնասվածք ունի և չէր հասցնելու ապաքինվել մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի տեխնիկական և մրցավարական հանձնաժողովի անդամ Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ վնասվածք ունեցող մարզիկների փոխարեն Նորվեգիա են մեկնել մինչև Եվրոպայի առաջնությունը կայացած ուսումնամարզական հավաքին իրենց լավագույն կողմերով դրսևորած Առաքել Միրզոյանը և Ռոստամ Կարապետյանը։ «Ընտրության երկու տարբերակ կար. մասնակցել մրցաշարին առանց Մարգարյանի ու Ալեքսանյանի, կամ նրանց փոխարեն թիմում ընդգրկել այլ ծանրամարտիկներ: Որոշեցինք հնարավորություն տալ մեր երկու ծանրամարտիկներին, ովքեր վստահաբար կփորձեն հաջող հանդես գալ Նորվեգիայում մեկնարկող մեծ մրցաշարին»,- նշում է Ալավերդյանը
Եվրոպայի 2016 թ.-ի ծանրամարտի առաջնությանը մասնակցելու են 40 պետության 344 մարզիկներ: