Հայաստանի առաջնության 21-րդ տուրում քիչ գոլեր գրանցվեցին
SportՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրը մեկնարկեց «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպմամբ: «Արմենպրես»-ը հայտնում է, որ սեփական հարկի տակ «Շիրակ»-ին հաջողվեց առավելության հասնել հյուրերի՝ «Ալաշկերտ»-ի նկատմամբ՝ 2-1 հաշվով հաղթանակ տոնելով:
Հայաստանի ընթացիկ առաջնության առաջատարի կարգավիճակով Գյումրի ժամանած «Ալաշկերտ»-ը «Շիրակ»-ին էր զիջել խաղային ու տարածքային առավելությունը, ինչից էլ երկրորդ խաղակեսում կարողացան օգտվել «Շիրակ»-ի ֆուտբոլիստները: Հանդիպման 73-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Դրիսա Դիարասուբան, ով նաև 8 րոպե անց երկրորդ գնդակն ուղարկեց «Ալաշկերտ»-ի դարպասը: Առաջնության առաջատարը միայն խաղավարտին Միհրան Մանասյանի գոլի օգնությամբ խուսափեց չոր հաշվով պարտությունից:
Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում Երևանի «Բանանց»-ի հաշվին տեխնիկական հաղթանակ գրանցվեց, քանի որ խաղացանկով նրա մրցակիցը պետք է լիներ «Ուլիս»-ը, որն առաջնությունից դուրս է մնացել:
Խաղային երկրորդ օրը «Գանձասար Կապան»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ»-ին: Նախորդ երկու խաղերում հաղթանակներ տոնած կապանյան թիմը չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:
«Միկա»-ին հյուրընկալվել էր երկրորդ հորիզոնականում ընթացող «Փյունիկ»-ը, որը կարող էր օգտվել մեկ օր առաջ առաջնության առաջատարի թույլ տված սայթաքումից, սակայն այս խաղում ևս գոլեր չարձանագրվեցին: «Փյունիկ»-ը միայն մեկ միավորով կարողացավ կրճատել «Ալաշկերտ»-ի հետ ունեցած 5 միավորի տարբերությունը՝ հասցնելով 4-ի:
Այսպիսով՝ 21-րտ տուրում տոնած հաղթանակից հետո «Շիրակ»-ն իր հաշվին արդեն 35 միավոր ունի և շարունակում է զբաղեցնել 3-րդ հորիզոնականը՝ իրեն հետապնդող «Գանձասար Կապան»-ից և «Արարատ»-ից առաջ անցնելով համապատասխանաբար 3 և 5 միավորներով: Ընթացիկ առաջնության առաջատար «Ալաշկերտ»-ը, չնայած վերջին երկու հանդիպումներում կրած անհաջողություններին, 42 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: