Մխիթարյանի դաշտ դուրս գալը սթափեցրեց, բայց չօգնեց «Բորուսիա»-ին
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Դորտմունդի «Բորուսիա»-ի առաջատար Հենրիխ Մխիթարյանը գերմանական «Շալկե»-ի դեմ հանդիպումը սկսել էր պահեստայինների նստարանին: «Արմենպրես»-ը հայտնում է, որ հայ ֆուտբոլիստը «Շալկե»-«Բորուսիա» հանդիպման միայն երկրորդ խաղակեսին մասնակցեց և հնարավորին չափ օգնեց իր թիմին՝ ակտիվություն մտցնելով «Բորուսիա»-ի գործողություններում:
Բունդեսլիգայի 29-րդ տուրի կենտրոնական խաղը, անխոս, «Շալկե»-«Բորուսիա» սկզբունքային դերբին էր: Չնայած հանդիպումը կարևորություն ուներ, սակայն Թոմաս Տյուխելը նպատակային չէր համարել «Բորուսիա»-ի առաջատարներին՝ Մարկո Ռոյս-Մխիթարյան-Օբամեյանգ եռյակին հենց մեկնարկային րոպեներից խաղադաշտ մտցնել՝ հույսը դնելով երիտասարդների վրա: Իհարկե, «Բորուսիա»-ի երկրպագուները հասկանում էին, որ Եվրալիգայի շրջանակում հաշված օրեր անց կայանալիք «Լիվերպուլ»-«Բորուսիա» հանդիպումն ավելի մեծ նշանակություն ունի, սակայն ամեն դեպքում պարտություն «Շալկե»-ից տարբերակն ամենևին էլ ընդունելի չէր լինի:
Չնայած «Բորուսիա»-ն հանդես էր գալիս ոչ հիմնական կազմով, այնուամենայնից առաջին իսկ խաղակեսում մի քանի լավ հնարավորություն ուներ հաշվի մեջ առաջ անցնելու: «Շալկե»-ն ևս պասիվ չէր, նույնիսկ ավելի շատ էր վերահսկում գնդակը:
Երկրորդ խաղակեսի հենց սկզբում Տյուխելը խաղադաշտ դուրս բերեց Մխիթարյանին՝ «Բորուսիա»-ի ներկայիս խաղի իրական ճարտարապետին: Մխիթարյանի՝ խաղադաշտում հայտնվելը միանգամից ակտիվացրեց «Բորուսիա»-ի խաղը: Հայաստանի հավաքականի ավագի խաղադաշտում անցկացրած 3 րոպեները բավարար էին, որ «Բորուսիա»-ն գոլ հեղինակի. աչքի ընկավ Սինձի Կագավան:
«Շալկե»-ի պատասխանը չուշացավ. Լոյիկ Սանեն հանդիպման 51-րդ րոպեին հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 1-1: Շատ չանցած Մաթիաս Գինտերի ջանքերով «Բորուսիա»-ն կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Չէր հասցրել «Բորուսիա»-ն ամբողջականորեն վայելել առավելությունը, երբ խաղի 64-րդ րոպեին Տյուխելի թիմի դարպասին 11 մետրանոց հարված նշանակվեց: Կլաս Յան Հունտելարը չէր կարող վրիպել պատասխանատու պահին. խաղի հաշիվը կրկին հավասարվեց:
Հանդիպման մնացած րոպեներին երկու թիմերն էլ առավելությունը սեփական կողմը թեքելու մի քանի լավ հնարավորություններ ունեին, սակայն նոր գոլեր այլևս չգրանցվեցին: Կագավան, փոխարինման դուրս եկած Օբամեյանգն անգամ չկարողացան օգնել «Բորուսիա»-ին վերջնական հաղթանակի հասնել ու գոնե պահպանել առաջատար «Բավարիա»-ից 5 միավորի տարբերությունը, որն այս ոչ-ոքիից հետո ավելացավ՝ հասնելով 7 միավորի: