«Բանանց»-ը դուրս եկավ Գավաթի խաղարկության եզրափակիչ
SportՀայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին պատասխան հանդիպման արդյունքներով «Բանանց»-ը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Գանձասար Կապան»-«Միկա» զույգի հաղթողին:«Արմենպրես»-ը հայտնում է, որ ապրիլի 12-ին Երևանի «Նաիրի» մարզադաշտում կայացավ «Ալաշկերտ»-«Բանանց» դիմակայու թյունը:
Առաջին խաղում «Ալաշկերտ»-ը մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով առավելություն էր ստացել, սակայն պատասխան հանդիպման հենց մեկնարկային րոպեներին ակնհայտ դարձավ, որ այդ առավելությունն ամենևին էլ շոշափելի չէ. «Բանանց»-ի կիսապաշտպան Զավեն Բադոյանը, արդեն 14-րդ րոպեին գոլ հեղինակելով, էլ ավելի հետաքրքիր դարձրեց հանդիպման նշանակությունը:
Մինչև երկրորդ խաղակես նոր գոլեր չգրանցվեցին, թեպետ երկու կողմերն էլ կարող էին աչքի ընկնել: Աբրահամ Խաշմանյանի «Ալաշկերտ»-ը երկրորդ խաղակեսում փորձեց տարածքային ու խաղային ունեցած չնչին առավելությունն օգտագործել ու վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն ապարդյուն: Հանդիպման 74-րդ րոպեին «Բանանց»-ը հնարավորություն ստացավ շատ նպաստավոր դիրքից տուգանային հարված իրացնելու: Բրազիլացի Լաերսիոյի հարվածն անկասելի ստացվեց` 2 գնդակի առավելություն շնորհելով «Բանանց»-ին:
Երկրորդ գնդակը բաց թողնելուց հետո «Ալաշկերտ»-ը հասկացավ, որ միայն մեծ ուժերով գրոհները կարող են հաշվի մեջ տարբերություն բերել: Ավաղ, Անդրանիկ Ոսկանյանի գոլը գրանցվեց խաղին մրցավարի կողմից ավելացված ժամանակի ընթացքում:
«Բանանց»-ը, մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթանակ տոնելով, Գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր ստացավ: Ապրիլի 13-ին Կապանում կորոշվի, թե որ թիմը ձեռնոց կնետի «Բանանց»-ին: Գրեթե մեկ ամիս առաջ կայացած առաջին կիսաեզրափակչային խաղում «Միկա»-ի հարկի տակ «Գանձասար Կապան»-ին հաջողվել էր նվազագույն` 1-0 հաշվով առավելության հասնել: