Փարիզում ահաբեկչություններից հետո Bataclan համերգասրահը կվերաբացվի
International newsՓարիզում նոյեմբերին կվերաբացվի Bataclan համերգասրահը, որտեղ անցյալ տարի տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով 89 մարդ զոհվեց: Այս մասին հաղորդել է համերգասրահի ղեկավարությունը:
Ըստ ՏԱՍՍ-ի, նոյեմբերի 16-ին համերգասրահում ելույթ կունենա բրիտանացի երաժիշտ Փիթեր Դոերթին:
Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում եւ Սեն Դենի արվարձանում ահաբեկչություններ իրականացվեցին: Պայթյուններ որոտացին մարզադաշտի հարեւանությամբ, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականների ընկերական խաղը. երեք մահապարտներ պայթուցիկով գոտիներ գործի դրեցին:
Գրեթե միաժամանակ զինված հարձակումներ իրականացվեցին Շարոն եւ Վոլտեր բուլվարներում, Ֆոնտեն-օ-Ռուա եւ Ալիբեր փողոցներում: Դրանից հետո ահաբեկիչները ներխուժեցին Bataclan համերգասրահ եւ պատանդ վերցրեցին ներսում գտնվողներին: Այս հարձակումների հետեւանքով, ընդհանուր առմամբ, 130 մարդ զոհվեց, շուրջ 350-ը՝ վիրավորվեց: