Լուկաշենկո. ի դեմս Բելառուսի՝ մահմեդական երկրները միշտ հուսալի գործընկեր կգտնեն
International newsՈչ մի պետություն աշխարհի տարբեր մասերում չի կարող իրեն անվտանգ զգալ ահաբեկչության սպառնալիքի առջեւ: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթնաժողովում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
«Այսօր ոչ մի պետություն՝ ոչ Արեւմուտքում, ոչ էլ Արեւելքում չի կարող իրեն անվտանգ զգալ այն չարիքի առաջ, որը մակաբույծի պես սնվում է երկրների, ազգերի ու մշակույթների միջեւ գոյություն ունեցող անվստահությունից ու տարաձայնություններից»,-շեշտել է Բելառուսի նախագահը:
Նա նշել է, որ գագաթնաժողովի թեմատիկան չափազանց արդիական է ու համահունչ Բելառուսի արտաքին քաղաքական կուրսին: Անվտանգության, ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու հարցերը ընդհանուր են բոլոր պետությունների համար՝ անկախ նրանց ազգային կազմից ու կրոնական պատկանելիությունից:
«Իսլամական աշխարհի հետ կապերն ամրապնդելու ձգտումը լիովին գիտակցված ընտրություն է, որին Բելառուսը մշտապես հավատարիմ է մնում: Վարելով բազմավեկտոր ու բաց քաղաքականություն, չցանկանալով մեկուսանալ եվրացենտրիզմի նեղ շրջանակներում, մենք դեռ 90-ականների վերջին դարձանք այդ պահի միակ եվրոպական երկիրը, որը Չմիանալու շարժման լիիրավ անդամ էր»,- հայտնել է Լուկաշենկոն իր ելույթի ժամանակ:
Նա նաեւ խորհրդանշական է անվանել այն, որ հենց Ստամբուլում է հայտնում Բելառուսի մահմեդականների համար կարեւոր իրադարձության մասին: «Մեր պետության մայրաքաղաքում ավարտվում է Մայր մզկիթի շինարարությունը, որի բացումը կլինի մոտ ժամանակներս»,- հավելել է Լուկաշենկոն:
Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ հենց հիմա արժեր միավորել ջանքերը ժամանակակից մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում: «Սակայն դրա փոխարեն շատերը զբաղված են իրար մեղադրելով: Ինչքա՞ն կարող է շարունակվել սա: Եթե չկանգնեցնենք այս գործընթացը՝ մի պահ այն կարող է հասնել օրհասական զանգվածի, ձեռք բերել անդառնալի բնույթ ու հանգեցնել անկախանխատեսելի հետեւանքների»,- արձանագրել է նա:
«Ակնհայտ է, որ առանց մահմեդականների անհնար է հիրավի բազմաբեւեռ աշխարհի կայացումը, որի ուրվագծերն այդքան տառապալից ձեւավորվում են այսօր: Այլ կարեւոր աշխարհքաղաքական դերակատարների հետ իսլամական աշխարհը կարող է դառնալ կայունության ու անվտանգության հենարաններից մեկը, մոլորակի առաջադեմ ու կայուն զարգացման շարժիչը»,- հայտնել է Բելառուսի նախագահը:
Նրա խոսքով, դրա համար կան բոլոր նախադրյալները, չէ՞ որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը, որը միավորում է 57 երկրների՝ ավելի քան մեկ միլիարդ բնակչությամբ, հսկայական քաղաքական ու տնտեսական ներուժ ունի: «Դեպի դրա բացահայտումը տանող ճանապարհը մահմեդական աշխարհում միասնության ապահովումն է, ներքին տարաձայնությունների հաղթահարումը»,- վստահ է նա:
«Կարծում եմ, որ հաշվի առնելով շատ մահմեդական պետությունների հետ մեր վստահելի հարաբերությունների բարձր մակարդակը ու միջազգային հարցերի շուրջ դիրքորոշումների նմանությունը, ԻՀԿ –ում Բելառուսի դիտորդի կարգավիճակ ստանալը տրամաբանական քայլ կլիներ, որը նոր հնարավորություններ կբացեր փոխշահավետ համագործակցության զարգացման համար»,- հայտնել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա վստահեցրել է, որ ի դեմս Բելառուսի մահմեդական պետությունները միշտ հուսալի ու կանխատեսելի գործընկեր կգտնեն: