Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանը մեղադրվում է սեւ շուկայում առեւտրի մեջ
International newsԱվստրալիայում Ադրբեջանի դեսպան Ռովշան Ջամշիդովը եւ դեսպանատան մյուս աշխատակիցները մեղադրվում են սեւ շուկայում սպիրտային խմիչքների եւ սիգարեթի առեւտրի մեջ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ավստրալական The Sidney Morning Herald թերթը` հղում կատարելով Ավստրալիայի մաքսային մարմիններին:
Ավստրալական առաջատար The Age թերթն իր հերթին գրել է, որ երկրի մաքսային ծառայությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ օգտագործելով իրենց դիվանագիտական կարգավիճակը՝ Ադրբեջանի դեսպան Ռովշան Ջամշիդովն ու գլխավոր հաշվապահ Արզա Խասիեւը դիմել են Ավստրալիայի կառավարությանը թույլ տալ առանց մաքսատուրքի երկիր ներկրել 2000 լ գարեջուր, 1100 լիտր գինի, 520 լ սպիրտ եւ 40000 տուփ սիգարետ: Ընդ որում, նրանք այդ ապրանքը գնել են երկու մատակարարներից:
Ավստրալացի մաքսավորներին կասկածելու առիթ է տվել այն հանգամանքը, որ Ադրբեջանի պես մուսուլմանական երկրի դեսպանատունը այդքան սպիրտային խմիչք է ներկրում երկիր, այն էլ՝ թույլատրված չափից երկու անգամ ավելի:
Ավստրալիայի սահմանային ծառայությունը Fairfax Media-ին հայտնել է, թե իրենք տեղեկություն են ստացել այն մասին, որ այդ ապրանքների մեծ մասը նախատեսվում է վաճառքի հանել սեւ շուկայում:
Ավստրալիայում Ադրբեջանի դեսպան Ռովշան Ջամշիդովի ալկոհոլային եւ սիգարետի ապօրինի բիզնեսի մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2015 թվականի սեպտեմբերի 15-ին, երբ դեսպանատան նախկին աշխատակից Անար Հասանովը հրաժարվել էր վերադառնալ հայրենիք եւ քաղաքական ապաստան էր խնդրել Կանբերայում:
Այն ժամանակ Անար Հասանովը, մասնավորեպես, հայտարարել էր այն մասին, թե իրեն հետապնդում են այն բանի համար, որ ինքը բացահայտել է Ավստրիալայում Ադրբեջանի դեսպանատանը կոռուպցիայի փաստեր եւ դեսպան Ջամշիդովի ապօրինի բիզնեսը:
Եվրամիությունում Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին դեսպան Արիֆ Մամեդովը 2013 թվականին Ադրբեջանի ԱԳՆ կոլեգիայում ադրբեջանցի դիվանագետներին մեղադրել էր իրենց աշխատած երկրների ներկայացուցիչներին կաշառք տալու մեջ:
Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների եւ Հարկադիր վերաբնակների հարցերով պետկոմիտեի նախագահ Ալի Հասանովը սեփական երկրի ԱԳՆ-ում տիրող այդ խայտառակ փաստերի առնչությամբ հայտարարել է, որ «Ադրբեջանի որոշ դեսպաններ զբաղված են բիզնեսով, իսկ մյուսներն էլ դավաճանում են»: