Գոռ Մինասյանը հավատացած է, որ մարզումների շնորհիվ ավելի լավ արդյունքների կհասնի
Sport«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իր ծանրամարտիկ ընկերների հետ մեկտեղ տոնական ընդունելության արժանացած գերծանր քաշային հայ ծանրորդ Գոռ Մինասյանը, ով Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, պատրաստակամ է քրտնաջան աշխատելու, որպեսզի Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո «պարծենալու» առիթ ունենա:
Հին աշխարհամասի ծանրամարտի առաջնության արծաթե մեդալներին արժանացած ծանրորդը բավականին գործնական քայլեր է նախատեսել սեփական արդյունքներն ավելի բարձրացնելու համար:
«Իհարկե, ուրախ եմ ու երջանիկ, որ կարողացա Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվել: Կուզեի ավելիին էլ հասնել, սակայն այս պահին առավելագույն արդյունքս Ֆյորդեում եմ ցուցադրել: Թե պոկում, թե հրում վարժություններում անձնական ռեկորդներ եմ գրանցել, սակայն Եվրոպայի չեմպիոնին զիջել եմ շուրջ 20 կիլոգրամով: Անխոս, դա բավականին լուրջ տարբերություն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց գերծանր քաշային ծանրորդը՝ հավելելով, որ իր առջև նպատակ է դրել մոտ ապագայում վերացնելու այդ 20 կիլոգրամների տարբերությունը:
Ըստ Գոռ Մինասյանի՝ քրտնաջան ու ակտիվ մարզումները կարող են օգուտ տալ ունեցած արդյունքները բարելավելու հարցում. «Ամեն ինչ մարզումներից է կախված: Ես դա լավ գիտեմ և պատրաստվում եմ ոչ թե ձեռքերս ծալած նստել ու հիանալ իմ արդյունքով, այլ հնարավորինս ակտիվ մարզվել, նպատակներս իրականացնել: Կփորձեմ հնարավորին լավ մարզավիճակում գտնվել, որպեսզի Օլիմպիական խաղերին կարողանամ օգնել Հայաստանի ծանրամարտի հավաքականին»:
Հայ ծանրորդը «Արմենպրես»-ի հետ խոսել է նաև իր ապագա մրցակիցների մասին՝ նշելով, որ ինքն է իր իսկ հիմնական մրցակիցը. «Չինացի որակյալ և ուժեղ ծանրամարտիկներ գերծանր քաշային կարգում գրեթե չկան, ինչ վերաբերում է այլ մրցակիցներիս, ապա նախ և առաջ ես փորձում եմ ինքս ինձ հետ մրցել, անձնական ռեկորդներով առաջ շարժվել: Գիտեմ իմ պոտենցիալը, գիտեմ, որ ամեն ինձ կախված կլինի մարզումներից և եթե հաջողվի լավ մարզվել, կլինեն նաև լավ արդյուքներ:
Դա էլ իմ հաջողության գաղտնիքն է. եթե ցանկանում ես հաղթանակած դուրս գալ, ապա պետք է մշտապես լավ մարզված լինել ու պատրաստակամ անելու ավելին: Այդպես ստացվեց նաև Նորվեգիայում, ինչի համար ես ուրախ եմ»:
Գոռ Մինասյանը շատ չխոսեց Օլիմպիական խաղերի ժամանակ իրենից ակնկալվող սպասումների ու հնարավորությունների օգտագործման մասին՝ նշելով, որ դեռևս որոշակի ժամանակ կա մինչև այդ, իսկ ժամանակից շուտ խոսել, ինքը չի ցանկանում. «Կսկսեմ մարզվել մոտակա օրերին: Շատ չեմ փորձելու հանգստանալ, կարելի է ասել, որ դրա կարիքն էլ չկա: Ուզում եմ մարզումների, քրտնաջան աշխատանքի շնորհիվ ավելի լավ արդյունքների հասել ապագայում»: