Ադրբեջանում վերջին մեկ օրվա ընթացքում ինքնասպանության 4 դեպք է արձանագրվել
International newsՎերջին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանում ինքնասպանության 4 եւ ինքնասպանության փորձի մեկ դեպք է արձանագրվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, երեկ երեկոյան հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Գուսարի շրջանում ինքնասպանություն է գործել 15-ամյա աղջիկ` նետվելով ջրանցքը: Նրա մարմինը հաջողվել է գտնել եւ դուրս բերել միջադեպի վայրից մի քանի կիլոմետր հեռու:
Lent.az-ի համաձայն` Բաքվի Բինագադիի շրջանում տան բակում կախվելով ինքնասպանություն է գործել 34-ամյա Այնուրա Մամեդովան: Բինագադի ավանի 58-ամյա բնակիչ Սալիմխան Մամեդովը կախվել է իր բնակարանում:
Ըստ APA-ի` նման միջադեպ է տեղի ունեցել Բաքվի Նիզամիի շրջանում: Քեշլա ավանի 68-ամյա բնակիչ Աքիֆ Աղաջանովը կախվել է սեփական տանը:
Բաքվում 39-ամյա Էլչին Գուլիեւը փորձել է ինքնասպանության նպատակով նետվել Բաբեկի պողոտայի կամրջից: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել է նրան հետ պահել այդ մտադրությունից:
Վերջին տարիներին Ադրբեջանում բոլոր տարիքային խմբերի քաղաքացիների ինքնասպանությունների թիվն այնքան արագորեն է աճել, որ այն աշխարհում արդեն ճանաչվում է որպես «ինքնասպանությունների երկիր»:
Այս մասին «Ազադլըգ» թերթին հայտնել է Ադրբեջանի հոգեբանական առողջության կենտրոնի շտապ հոգեբանական օգնությանբաժնի ղեկավար Քեմալե Թալիբովան Բաքվում կազմակերպված միջոցառման ժամանակ: Նա հայտնել է, որ 2015 թվականին Ադրբեջանում 535 քաղաքացի ինքնասպանություն է գործել, որոնցից 29-նն անչափահասներ են եղել:
«Վերջին տարիներին գրանցվում են ինքնասպանության դեպքեր եւ երեխաների, եւ տարեցների մոտ: Ինքնասպանություն կատարողների մեջ գերակայում են 18-35 տարեկան քաղաքացիները», -ասել է նա` առանձնացնելով ինքնասպանության պատճառների մեջ ամենատարածվածները` սոցիալական խնդիրներ, ընտանեական վեճեր, հոգեբանական խախտումներ:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում հոգեբան Ազադ Իսազադեն հայտնել է, որ 2011 թվականից սկսած` Ադրբեջանում ինքնասպանությունների թիվը մեծացել է, իսկ վերջին մեկ տարում նավթի գների անկման հետեւանքով ադրբեջանական մանաթի 100 տոկոսով արժեզրկումից հետո Ադրբեջանում մեծացել է բանկերին վարկային պարտքեր ունենալու պատճառով ինքնասպանությունների թիվը` կապված այն բանի հետ, որ դոլարային հաշվարկով ամսական վճարների չափը մեծացել է:
Ադրբեջանում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չի անցկացվում: Սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, այս տարվա ընթացքում այդ երկրում արդեն գրանցվել է ինքնասպանության 115 դեպք, որոնցից 9-ն անչափահասներ են եղել, եւ 70 ինքնասպանության փորձ է կատարվել: Գրանցվել է նաեւ ինքնահրկիզման 14 փորձ, որոնցից 10-ը մահվան ելքով ավարտ է ունեցել: Փորձագետների կարծիքով` 115 ինքնասպանություններից 50-ը տեղի է ունեցել քաղաքացու «բանկային պարտքի» կամ «նյութական անկարողության» պատճառով:
«Ազադլըգ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանում 2,6 միիոլնից ավելի մարդ պարտք է բանկերին: Վերջին մեկ տարում մանաթիփոխարժեքի գրեթե երկու անգամից ավելի արժեզրկվելու պատճառով նրանց մեծ մասը չի կարողանում մարել պարտքերը:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 1, հայրասպանության 1, հարազատների՝ միմյանց սպանության 17, ամուսինների՝ միմյանց սպանության 7, զավակի սպանության 3 դեպք է տեղի ունեցել: