Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել միակ անկախ հեռուստաալիքի 15 լրագրողների դեմ
International newsԻնտերնետային Meydan TV հեռուստաալիքի դեմ Ադրբեջանում քրեական գործ է սկսվել, եւ դրա գործող անձինք հանդիսանում է են հեռուստաալիքի 15 լրագրողները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրան»-ին հայտնել է փաստաբան Էլչին Սադըգովը:
Նրա խոսքով` չնայած դեռեւս որեւէ մեկին կոնկրետ մեղադրանք չի առաջադրվել, սակայն լրագրողներին արգելվել է երկրից ելքը, որոշների մոտ խուզարկություններ են անցկացվել եւ սարքավորումներ առգրավվել, ինչն արվել է նրանց վրա ճնշում գործադրելու միջոցով Meydan TV-ի ղեկավարության եւ գործընկերների դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով:
Փաստաբանն ասել է, որ լրագրողներին ապօրինաբար ենթարկել են հարկային ստուգումների եւ պարբերաբար հարցաքննության են կանչում: Նա չի բացառել նաեւ հեռուստաալիքի լրագրողների ձերբակալությունը:
Էլչին Սադըգովը քրեական գործը համարում է մտացածին, հիշեցնելով, որ Ադրբեջանում նման հոդվածներով քրեական գործ էր հարուցվել նաեւ տասնյակ հասարակական կազմակերպությունների դեմ, իսկ նրանց ղեկավարները դատապարտվել են:
Քրեական գործն իշխանություններն, ըստ նրա, հարուցել են Մինգեչաուրում բնակչության բողոքի ակցիայի հետաքննության ժամանակ Meydan TV-ի ցուցադրած տեսանյութի պատճառով, որը պատմել էր այն մասին, թե ինչպես է բերման ենթարկված ցուցարարը խոշտանգումների հետևանքով նետվել ոստիկանության շենքի պատուհանից: Բողոքի ակցիայի տեսանյութի ցուցադրությունը լրջորեն անհանգստացրել է իշխանություններին:
Meydan TV-ն ստեղծվել է 2013 թվականին, նրա գլխավոր գրասենյակը գտնվում է Գերմանիայում: Նախագիծը ղեկավարում է խղճի նախկին բանտարկյալ եւ բլոգեր Էմին Միլլին:
Միլլին հայտարարել է, որ լրատվամիջոցը չի զբաղվել որեւէ անօրինական գործունեությամբ: Ադրբեջանում Meydan TV-ին ոչ մի բիզնես-գործունեություն չունի: Լրագրողների հետ համագործակցում է միայն հասարակական սկզբունքներով: Այդ պատճառով Միլլին գտնում է, որ աբսուրդ է իրենց դեմ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, հարկերից խուսափելու հոդվածներով հետաքննության անցկացումը, քանի որ իրենք հարկային պարտավորությունները կատարում են Գերմանիայի կառավարության հանդեպ:
Meydan TV-ի միակ նպատակը հանդիսանում է միջազգային համաձայնագրերի շրջանակում անկախ պրոֆեսիոնալ լրատվական գործունեության իրականացումը:
«Մեր միակ «հանցագործությունը» ազատ խոսքի մեր իրավունքի օգտագործումն է», -հայտարարել է Էմին Միլլին:
Նրա կարծիքով` Ադրբեջանում բացված քրեական գործը նպատակ է հետապնդում վախեցնել Meydan TV-ի հետ համագործակցող տեղացի լրագրողներին:
«Ադրբեջանում որեւէ անձ չկա, որը լիազորված է խոսել Meydan TV-ի անունից ոչ մի լրագրող պատասխանատու չէ մեր գործունեության համար», -ասել է Միլլին:
Այդ քրեական գործով իշխանությունները խոչընդոտներ են ստեղծում լրագրողական գործունեության համար եւ ճնշում են դեմոկրատական մթնոլորտը, հայտարարել է նա: