Հայ հեծանվորդների համար մեկնարկել է նոր մրցաշրջանը
SportԵրևանի հեծանվահրապարակում մեծահասակ և երիտասարդ հեծանվորդների անզիջում պայքարով մեկնարկել է հեծանվային նոր մրցաշրջանը: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիան, հայտնում է, որ ամենամյա մրցաշարը կազմակերպվել է հայ հեծանվորդների հմտությունները ևս մեկ անգամ գնահատելու համար:
«Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցում Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Մարտին Շարբաթյանը նշեց, որ նախորդ տարիների օրինակով այս անգամ ևս Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկու երիտասարդ մասնակից կունենա, իսկ ձեռնարկված նոր հեծանվահրապարակային մրցաշրջանը յուրատեսակ մեկնարկ կլինի, նախապատրաստություն, որը լավ առիթ է հեծանվորդների համար մարզավիճակ ձեռք բերելու:
«Պատանիների ու մեծահասակների հեծանվահրապարակային սպորտում մենք դեռևս շատ անելիքներ ունենք: Կրկին մեր երիտասարդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Անցած տարի իմ սան Էդգար Ստեփանյանին հաջողվեց Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն դառնալ: Այժմ էլ հաջող է հանդես գալիս Պավել Ստեփանյանը: Տեսնենք, թե ովքեր այս տարի կներկայացնեն Հայաստանը»:
Չնայած մրցաշարին մասնակցող հեծանվորդների հմտությունները և ունակությունները քաջ հայտնի են Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի մասնագետներին, այնուամենայնիվ այս նոր մրցաշրջանը իրոք յուրատեսակ նախապատրաստական փուլ է այն հեծանվորդների համար, ովքեր պատրաստվում են հունիսին մասնակցել Հայաստանի առաջնությանը կամ հուլիսին ներկայացնել Հայաստանը Իտալիայում կայանալիք մարզաձևի Եվրոպայի առաջնությանը: Եռօրյա մրցման արդյունքում էլ կորոշվեն լավագույն հեծանվորդներն ու մյուս մրցանակակիրները:
Մրցումային առաջին օրը` ապրիլի 21-ին, սքրեչ մրցաձևում մեծահասակների մեջ լավագույն եռյակը կազմեցին Պավել Ստեփանյանը, Մհեր Մկրտչյանը և Ռոբերտ Խաչատրյանը: Պատանիների մրցման հաղթողների եռյակ մտան Լևոն Լավչյանը, Ամո Ասուբովը և Բաբկեն Պողոսյանը: Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի խոսքով` ապրիլի 22-ին հեծանվորդները կմրցեն խմբակային վազքում` պայքարելով միավորներով, իսկ ապրիլի 23-ին կլինի խմբակային վազք՝ հեծանվորդների` պայքարից դուրս գալու միջոցով:
«Ապրիլի 22-ին և 23-ին խմբակային վազքը կլինի մասնակիցների վերջնագծերով: Հաղթողները կլինեն թիմերը, այլ ոչ թե անհատները»,- հավելեց «Արմենպրես»-ի զրուցակիցը` նշելով, որ մարզաձևի այս տարվա Եվրոպայի առաջնությունը կկայանա Իտալիայում հուլիսի 12-17-ը, և միայն լավագույն երկու հեծանվորդները հնարավորություն կստանան Հայաստանը ներկայացնելու այդ մրցաշարում: