«Փյունիկ»-ը և «Բանանց»-ը խաղաղությամբ բաժանվեցին
SportՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2015-2016 թթ. առաջնության վերջին շրջանի 23-րդ տուրում «Բանանց»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Փյունիկ»-ի հետ:Հանդիպման առաջին գնդակը հեղինակել են հյուրերը՝ «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները, իսկ խաղավարտից հաշված րոպեներ առաջ «Բանանց»-ին հաջողվել է պատասխան գնդակ խփել:
Գոլազուրկ առաջին խաղակեսին հաջորդել է բավականին հետաքրքիր երկրորդ խաղակես, որի ընթացքում թիմերին հաջողվել է մեկական անգամ գրավել միմյանց դարպասը: Առաջին գնդակը հեղինակել է «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Էրիկ Պետրոսյանը՝ գլխի հարվածով եզրափակելով Դավիթ Մանոյանի փոխանցումը:
Երբ թվում էր, թե խաղը կավարտվի «Փյունիկ»-ի արտագնա հաղթանակով, «Բանանց»-ը սկսել մեծացնել ճնշումը: Արդյունքը եղավ այն, որ հանդիպման 87-րդ րոպեին Զավեն Բադոյանին հաջողվեց պատասխան գոլ հեղինակել՝ 1-1 հաշվով ոչ-ոքի դարձնելով խաղի ելքը:
Հայաստանի առաջնությունում 4-րդ անընդմեջ խաղում չկարողանալով հաղթանակի հասնել՝ «Փյունիկ»-ը զգալիորեն բարդացրել է իր վիճակը մրցաշարային աղյուսակում: Այժմ «Փյունիկ»-ի հաշվին կա 39 միավոր, թիմն ընթանում է 2-րդ հորիզոնականում, առաջատար «Ալաշկերտ»-ին զիջում է 7 միավորով: «Փյունիկ»-ի սայթաքումներից օգտվելով՝ զգալիորեն բարելավել է դիրքը «Շիրակ»-ը, որը 23-րդ տուրում առանց խաղադաշտ դուրս գալու տեխնիկական հաղթանակի հասավ «Ուլիս»-ի դեմ խաղում՝ իր միավորների քանակը դարձնելով 39-ի: