Նաիրա Զոհրաբյան. ԵԽԽՎ պատվիրակության ոչ հրապարակային աշխատանքի արդյունքները տեսանելի կլինեն առաջիկայում
PoliticsԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակությունն աշխատել է արդյունավետ: Ապրիլի 26-ին կայացած մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար, պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Ինչպես միշտ, այս անգամ ևս երկու կարևոր ուղղություն է ունեցել մեր պատվիրակության աշխատանքը: Առաջինը հրապարակային աշխատանքը` ելույթներ, որը ձեզ տեսանելի հատվածն է, և ոչ հրապարակային: Հատկապես այս անգամ ես կարևորում եմ մեր գործունեության ոչ տեսանելի հատվածը, որը գնահատում եմ խիստ արդյունավետ»,- ասաց պատգամավորը:
Նրա դիտարկմամբ` նիստերից դուրս առանձին հանդիպումներ են ունեցել տարբեր ազգային պատվիրակությունների հետ, որոնց ժամանակ լրջագույն փաստեր են ներկայացրել Ադրբեջանի կողմից ապրիլյան քառօրյա պատերազմի սանձազերծման ու այդ երկրի՝ ռազմական հանցագործություն կատարելու մասին:
«Իսկապես լրջագույն աշխատանք է կատարվել` չնայած տարատեսակ «վերլուծաբանների», ովքեր իրենց տանը նստած, թեյլ խմելով, փորձում են քաղաքագիտական տարբեր վերլուծությունենր անել, չիմանալ ինչ մթնոլորտ է տիրում ԵԽԽՎ-ում կամ միջազգային այլ կառույցում:
Նրանք փորձում են գնահատականներ հնչեցնել, որ եթե այսպես լիներ, այնպես լիներ, շատ ավելի լավ կլիներ: Ես կարծում եմ, որ պատվիրակությունը լավ մարտավարություն է որդեգրել` բացառապես չարձագանքել այդ տիպի գործիչներին: Մենք մեր գործն ենք անում, արդյունքը ցույց կտա՝ լա՞վ ենք կատարում, թե ոչ: Ես կարծում եմ` պատվիրակությունն աշխատել է արդյունավետ: Բնականաբար, առաջիկայում պատվիրակության աշխատանքների այն հատվածի, որը հրապարակման ենթակա չէ, արդյունքները կտեսնենք»,-հավաստիացրեց Նաիրա Զոհրաբյանը: