Վարդան Օսկանյանը հայտարարում է նոր կուսակցություն ստեղծելու մասին
PoliticsԱզգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանը պաշտոնապես հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նորաստեղծ «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, ըստ որի կուսակցությունը պատրաստվում է հիմնադիր համագո ւմարին: «Հարգելի՛ հայրենակիցներ, Մենք նախաձեռնում ենք նոր՝ «Համախմբում» կուսակցության ստեղծման գործընթաց։ Այժմ պատրաստվում ենք հիմնադիր համագումարին, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք՝ օրենքով սահմանված կարգով»,- ասված է հայտարարության մեջ:
Նորաստեղծ կուսակցության նախաձեռնող խմբի անդամները վստահեցնում են՝ իրենք անհիմն ու ինքնանպատակ չեն քննադատելու և ատելության քարոզ չեն տանելու։ «Սկզբունքորեն մերժում ենք իշխանություն-ընդդիմություն հարթության մեջ ամեն ինչի բաժանումը սևի և սպիտակի։ Մենք վեր ենք կանգնելու ձևավորված այդ հարաբերություններից։ Հայաստանը մեր ընդհանուր տունն է, և մեր ժողովուրդն ունի միասնական շահեր։ Հայաստանը մեր տունն է, որտեղ կան ոչ թե թշնամիներ, այլ մրցակիցներ։ Առկա մարտահրավերներին դիմակայելու համար մենք պատրաստ ենք համագործակցել քաղաքական ամենա տարբեր ուժերի և բոլոր այն շրջանակների հետ, որոնք տեսնում են խորքային փոփոխությունների անհրաժեշտություն ու կիսում են մեր մտահոգությունները, մեր շեշտադրումները և մեր նպատակը։ Մեզ պետք է իրական համախմբում, որը կլինի ոչ թե մեկ անձի կամ անձերի շուրջ, այլ հանուն գաղափարի և առանցքային խնդիրների լուծման»,- ասված է հայտարարության մեջ:
«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներն են ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Անդրանիկ Թևանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, քաղաքագետԵրվանդ Բոզոյանը, «Արաբո» ջոկատի հիմնադիր հրամանատար, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը, քաղաքագետ Գեղամ Նազարյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու Վահան Ղույումչյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը, ռեժիսոր Վահե Հախվերդյանը, քաղաքագետ Նինա Մարգարյանը, գործարար Վարդան Թովմասյանը, արևելագետ Արտակ Բշտիկյանը: