Գալուստ Սահակյանը ողջունում է նոր կուսակցություն հիմնելու Վարդան Օսկանյանի նախաձեռնությունը
PoliticsԱզգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ողջունում է պատգամավոր Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն հիմնելու որոշումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանը նշեց, որ որքան երկրում շատ լինեն կուսակցությունները և համարձակ գործեն, այնքան ավելի լավ կլինի: «Հիմա կուսակցությունները ինչքան շատ լինեն ու համարձակ գործեն, այնքան մեր վիճակն ավելի կլավանա»,-նշեց Սահակյանը:
ԱԺ նախագահը նաև հավելեց, որ սխալ է մտածողությունը, թե նորաստեղծ կուսակցությունները կարող են անմիջապես հաղթանակի հասնել: Նրա խոսքով՝ Հայաստանում երբեք նման դեպք չի եղել: «Այսօր կուսակցություն ստեղծել և մտածել, որ վաղն այդ կուսակցությունը հաղթության կհասնի, մեր երկրում երբեք այդպիսի բան չի ստացվել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դիմելու է գործարար շրջանակներին կուսակցության ֆինանսավորումն ապահովելու համար՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես, օրինակ, եթե երբևէ ինչ-որ պատճառով կուսակցություն ստեղծելու նպատակ ունենայի, երբեք չէի դիմի, որպեզի ինձ փող տային: Այսինքն, նախ պետք է հնարավորություններ ունենալ, նոր ստեղծել: Եթե պիտի ուրիշի ունեցվածքով ստեղծես, կարծում եմ, դա հում գործընթաց է»:
Հարցին՝ ո՞ւմ միջոցներով է գոյատևում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Գալուստ Սահակյանն ասաց. «ՀՀԿ-ն գոյատևում է իր անդամավճարներով: Մենք 150 հազար կուսակցականներ ունենք, որոնք անդամավճարներ են տալիս: Չէի ասի, որ բոլորը ժամանակին են տալիս, բայց մեծ մասը տալիս են: Մենք հստակ գումար չենք ֆիքսել անդամավճարների համար: Ով ինչքան կարողանում, տալիս է»,- ընդգծեց Սահակյանը՝ հավելելով, որ ինքը որպես անդամավճար 20 հազար դրամ է վճարում: