Ադրբեջանում հարյուրից ավելի քաղբանտարկյալներ կան. մոնիտորինգի կենտրոն
International newsԱդրբեջանի քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոնը հրապարակել է այդ երկրում առկա քաղաքական բանտարկյալների նոր ցուցակը, որում նշված է 103 անուն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, նոր ցուցակից հանվել են մարտի 17-ին ներում շնորհված 14 քաղբանտարկյալների, ինչպես նաեւ եւս 6 մարդկանց անունները (Ռաուֆ Միրքադիրով, Ինթիգամ Ալիեւ, Նազիմ Աղաբեյով եւ այլք), որոնց պատժաչափերը փոխվել են պայմանական պատիժով:
Նոր ցուցակում նշված են 8 լրագրողների եւ բլոգերների անուններ` Աբդուլ Աբիլով, Նիջաթ Ալիեւ, Խադիջա Իսմայիլովա, Սեյմուր Հազի, Արազ Գուլիեւ, Թոֆիգ Հասանով, Ֆարաջ Քերիմով եւ Ռաշադ Ռամազանով:
Բացի այդ, ցուցակում նշված են իրավապաշտպան-փաստաբան Ալիաբբաս Ռուստամովի, երիտասարդ ակտիվիստ, NIDA-ի անդամ Իլքին Ռուստամզադեի, ընդդիմադիր ակտիվիստներ Իլգար Մամեդովի, Ֆուադ Գահրամանլըի, Մամեդ Իբրահիմի, Ասիֆ Յուսիֆլիի, Գադիր Խուդաբախշիեւի, Էլվին Աբդուլլաեւի, Զեյնալաբդին Բաղիրզադեի եւ Նազիմ Մահմուդովի անունները:
Ցուցակում ներառվել են նաեւ հավատացյալների մեծ խումբ, որը բաժանվում է մի քանի ենթախմբերի. «Սաիդ Դադաշբեյլիի գործով» դատապարտվածներ, Իսլամական կուսակցության առաջնորդ Մովսում Սամեդովի գործով դատապարտվածներ, այսպես կոչված «Հիջաբի բանտարկյալներ», Մասալլըի ցույցերի բանտարկյալներ, նուրսիստներ (իսլամի աղանդ), աստվածաբաններ եւ այլն:
Բացի այդ, ցուցակում նշված են ցմահ դատապարտված նախկին օմոնականներ Էլչին Ամիրասլանովի, Արիֆ Քազիմովի, Սաֆա Փոլադովի անունները, ինչպես նաեւ նախկին նախարարներ Ալի Ինսանովի, Նիջազթ Գուլիեւի եւ այլոց անուններ:
Եւս 25 նոր անուններ, դրանք վերջին «Նարդարանյան իրադարձություններով» մեղադրյալներն են:
Ադրբեջանի քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը գործակալությանը պարզաբանել է, որ վերջինները ցուցակ են մտցվել նրանց նկատմամբ Եվրոպական կոնվենցիայի «խոշտանգումների արգելք», «արդարացի դատական հետաքննության իրավունք», «մտքի, խղճի, կրոնի ազատություն» եւ այլ հոդվածների հետ կապված:
«Իրականում այդ գործով ավելի շատ կալանավորվածներ կան: Մենք ցուցակում ներառել ենք նրանց, որոնց գործերով մենք տեղեկություններ ունենք», -ասել է Հասանովը: