Հայրենիքը վտանգի մեջ է, էդ բառը հասկանո՞ւմ եք, թե՞ չէ. hումորի ժամանակ էլ չկա. Լ. Զուրաբյան
PoliticsԱյսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր խոսքն սկսեց հայտարարությամբ. «Ես ուղերձ ունեմ՝ ուղղված ընդդիմությանը կամ իրենց ֆորմալ ընդդիմություն կոչող ուժերին: Ես կոչ եմ անում զերծ մնալ մանր գզվռտոցներից, գործել համերաշխ ու հասնել կոնսենսուսի»:
Զուրաբյանը հիշեցրեց ԱԺ երեկվա նիստը, երբ ընդդիմությունը զբաղված էր փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով: «Դա անընդունելի է, մենք արդեն 70-րդ անգամ ենք ասում, որ կա իրական ընդդիմության մեկ չափանիշ: Իրական է այն ընդդիմությունը, ով իր քննադատության թիրախ համարում է իշխանությանը, այլ ոչ այլ ընդդիմադիր ուժերին: Դուք երբևէ չեք տեսնի, որ մենք զբաղվենք որևէ ընդդիմադիր կամ ձևական ընդդիմադիր որևէ քաղաքական ուժի քննադատությամբ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
«Ճիշտ է, հիմա մենք մի քիչ ավելի զուսպ ենք իշխանություններին քննադատելու հարցում, որովհետև ՀԱԿ-ն այլ կերպ չէր պատկերացնում` պատերազմական վիճակում չէր կարող նախկինի պես անխնա քննադատել իշխանություններին: Եթե առաջ կարող էինք անխնա քննադատել իշխանություններին, ապա հիմա դա տեղափոխվել է զուսպ քննադատության ոլորտ: Բայց, միևնույն է, պատերազմական այս իրավիճակով թելադրված՝ զսպված քննադատության թիրախը եղել է և կլինի իշխանությունը»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Ընդդիմադիր պատգամավորը նաև շեշտեց, որ եթե կարծում եք՝ բոլշևիկների ու Լենինի նման ՀԱԿ-ը պետք է հայտարարեր իշխանությունների պարտության մասին պատերազմական վիճակում, ապա այդ հաճույքը իրենք ոչ ոքի չեն նվիրի: «Մեր դիրքորոշումը հաճույք կամ տառապանք չէ, այլ քաղաքականություն, երկրի բախտն է դրված նժարին` որպես ամենակարևոր խնդիր: Հայրենիքը վտանգի մեջ է, էդ բառը հասկանո՞ւմ եք, թե՞ չէ: Հումորի ժամանակ էլ չկա»,- ասաց Լ. Զուրաբյանը: