ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը ջանքերը կենտրոնացնում են Սիրիայում հրադադարի ամրապնդման եւ ընդլայնման վրա. Լավրով
International newsՌուսաստանը եւ ԱՄՆ-ը ջանքերը կենտրոնացնում են Սիրիայում զինադադարի ամրապնդման եւ ընդլայնման վրա: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը: Նախարարի խոսքով՝ «ակտիվ աշխատանք Է ընթանում ռուս ու ամերիկացի զինծառայողների միջեւ»: «Աշխատանքը վերաբերում Է մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի կոնսոլիդացմանը, նոր շրջաններում դրա ընդլայնմանը»,-նշել Է Լավրովը:
Նախարարը նաեւ ընդգծել Է, որ Ռուսաստանը բարձր Է գնահատում սիրիական ճգնաժամի կարգավորման նպատակով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի գործադրած ջանքերը:
«Ողջունում ենք Ձեր ջանքերը, դրանք բարձր ենք գնահատում»,-ասել Է Լավրովը:-Կարծում ենք, որ դա շատ կարեւոր ներդրում Է բոլոր այն ուղղություններով շարժվելու գործում, որոնք նշված են ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերում»:
Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակն անհրաժեշտ Է համարում Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման ավելի հուսալի մեխանիզմի մշակումը:
«Մի քանի օր առաջ ես ամփոփեցի Ժնեւում կայացած միջսիրիական բանակցությունների հերթական փուլի արդյունքները: Ես կոչով դիմեցի Ռուսաստանին ու ԱՄՆ-ին՝ որպես Սիրիայի աջակցման միջազգային խմբի (ՍԱՄԽ) նախագահների եւ մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի գործընթացի գլխավոր հովանավորների, եւ հորդորեցի կողմերին՝ հնարավոր ամեն ինչ անել եւ օգնել այդ գործընթացը վերադարձնելու հարկավոր հուն»,-ասել Է դե Միստուրան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: