Արագացրեք Ադրբեջանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընդունումը. կոչ Ներկայացուցիչների պալատին
International newsԵթե ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունի Մագնիտսկու ակտի նման նախագիծ եւ տարածի Ադրբեջանի վրա, ապա կառավարության պաշտոնյաների ապօրինի գործունեությունը բացահայտած մարդու իրավունքների ակտիվիստները, այդ թվում` Ադրբեջանի իշխող ընտանիքի կռուպցիոն գործողությունները բացահայտած Խադիջա Իսմայիլովան վաղուց ազատ արձակված կլինեին ադրբեջանական բանտերից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է ամերիկյան հեղինակավոր The Washington Post թերթի` Ներկայացուցիչների պալատին հղած` «Եթե Սպիտակ տունը գերակա հայտարարեր Խադիջա Իսմայիլովային, նա ազատության մեջ կլիներ» վերնագրով նամակ-կոչում:
«Խադիջա Իսմայիլովայի դատական գործը առնաձնահատուկ անհանգստացնող է: Բաքվում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանին միանալուց առաջ Խադիջան պատրաստություն է անցել Վաշինգտոնում «Ամերիկայի ձայն»-ում: Նա Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի կոռուպցիոն գործունեությունը բացահայտող աղմկալից հետազոտություններ է պատրաստել, ինչը օրերս հաստատել է նաեւ Panama Papers-ը` օֆշորի հետ կապված հրապարակման մեջ», -գրել է թերթն` ընդգծելով, որ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներն անտեսում են որոշ ռեժիմների կողմից մարդու ի րավունքների կոպտորեն ոտնահարումները` բավարար համարելով այն, որ միայն թե դրանք համապատասխանեն ԱՄՆ-ի մյուս շահերին:
«Չէ՛ որ նա Ադրբեջանում հետապնդման ենթարկված միակ լրագրողը չէ: Նա իրեն խոսքի ազատությանը նվիրած ԱՄՆ-ի ռադիոկայանի լրագրողն է: Սակայն, Օբամայի վարչակազմը շատ թույլ է անդրադարձել Իսմայիլովայի դատական գործին` հայտարարելով միայն, որ Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է այդ գործով», -զարմանք է հայտնում թերթը:
Թերթը տարակուսանք է արտահայտում, որ Ալիեւի հետ Վաշինգտոնում հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ փոխնախագահ Ջո Բայդենը չեն անդադարձել Իսմայիլովայի գործին:
«Եթե Ներկայացուցիչների պալատն ընդուներ խոսքի իրավունքի խախտումների համար նաեւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ նախատեսող` Մագնիտսկու ակտի նախագիծը, ապա այն կիրառության մեջ կմտներ եւ ազդեցություն կունենար Խադիջա Իսմայիլովայի գործի նման հարցերի վրա», -գրում է թերթը:
Թերթը նշում է, որ Մագնիտսկու ակտը պատրաստել է սենատոր Բենջամին Կարդինը: Այն սենատով անցել է դեկտեմբերին եւ այժմ գտնվում է Ներկայացուցիչների պալատում:
Թերթը գրում է, որ վարչակազմի որոշ անդամների կարծիքով, այդ օրինագիծը մարդու իրավունքների հետ կապված գործերով սահմանափակում է ԱՄՆ-ի գործողությունները, այն կարող է տարածվել նաեւ մարդու իրավունքների արշավների կազմակերպիչների, տեղեկատվություն փոխանցողների վրա: Այդուհանդերձ` The Washington Post-ը Ներկայացուցիչների պալատին կոչ է անում անհապաղ ընդունել այդ օրենքը` Ադրբեջանի դեմ պատժամիջոցներն արագացնելու համար:
«Գլոբալ Մագնիտսկու ակտ» օրենքը պատժամիջոցներ է նախատեսում ամբողջ աշխարհում կոռուպցիոներների եւ մարդու իրավունքները խախտողների դեմ, ինչպես նաեւ ԱՄՆ-ում նրանց սեփականության ձերբակալությունը: Օրինագծով վիզային պատժամիջոցներ է նախատեսվում կիրառել մարդու իրավունքների խախտումներին մասնակից Ադրբեջանի կառավարության ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ: