Զիդան. Եզրափակիչ դուրս չգալը մեզ համար ձախողում կլինի
Sport«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան հանդիպումից ունեցած սպասելիքներից:
-Եզրափակիչ դուրս չգալը մեզ համար ձախողում կլինի: Վերջին շրջանում լավ մարզավիճակում ենք և ամեն ինչ կանենք պայքարը շարունակելու համար՝ չնայած շատ բարդ է լինելու: Ավելի բարդ, քան առաջին խաղում, քանի որ սա վճռորոշ հանդիպում է:
Մենք չենք մտածում առաջին 15 րոպեի ընթացքում 2 գոլ խփելու մասին, ինչպես արեցինք «Վոլֆսբուրգի» հետ խաղում: Հասկանում ենք, որ պետք է համբերատար լինենք և 90 րոպե կամ գուցե ավելի երկար տքնաջան աշխատենք: Հույս ունեմ կխաղանք այնպես, ինչպես «Էտիհադի» խաղի երկրորդ կեսում և գոլ կխփենք:
Ես շատ եմ հարգում Սերխիո Ագուերոյին: Նա «Սիթիի» համար առանցքային նշանակություն ունի, բայց մենք առանձնահատուկ վերահսկողություն չենք սահմանելու նրա նկատմամբ: Կարևորն այն է, թե ինքներս ինչպես կխաղանք,-Զիդանի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 4-ին, «Սանտյագո Բեռնաբեուում»: