«Ատլետիկո»-ն դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ
SportՄյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում տեղի «Բավարիա»-ն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղի շրջանակներում հյուրընկալել էր Մադրիդի «Ատլետիկո»-ին, որին ընդամենը 6 օր առաջ զիջել էր նվազագույն հաշվով:«Արմենպրես»-ը հաղորդում է, որ մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները չնայած մեծ ճիգեր են գործադրել, սակայն չեն էլ կարողացել լուծել գլխավոր խնդիրը՝ դուրս գալ մրցաշարի եզրափակիչ:
Առաջին խաղակեսում «Բավարիա»-ին հաջողվել է տասնյակ վտանգավոր պահեր ստեղծել, սակայն մեկ անգամ է միայն հնարավորություն եղել գնդակն ուղարկելու «Ատլետիկո»-ի դարպասապահ Յան Օբլակի պաշտպանած դարպասը: Հանդիպման 31-րդ րոպեին տուգանային հարվածից «Ատլետիկո»-ի դարպասն է գրավել Խաբի Ալոնսոն: Հաշված րոպեներ անց «Բավարիա»-ն հնարավորություն է ունեցել ևս մեկ գոլ հեղինակելու, սակայն 11 մետրանոց հարվածը դիպուկ չի իրացրել Թոմաս Մյուլլերը:
Երկրորդ խաղակեսում «Ատլետիկո»-ն խաղադաշտ է դուրս եկել այլ տրամադրվածությամբ և Անտուան Գրիզմանի ջանքերով կարողացել է հանդիպման 54-րդ րոպեին հավասարեցնել խաղի հաշիվը՝ ապտակ հասցնելով «Բավարիա»-ի ֆուտբոլիստներին անհամաձայնեցված պաշտպանվելու համար: Ավելի ուշ էլ «Ատլետիկո»-ն հանդիպման հաշվի մեջ առաջ անցնելու մի քանի հնարավորություններ է ունեցել, բայց դրանք օգտագործել չի կարողացել:
«Բավարիա»-ին հանդիպման ավարտից 15 րոպե առաջ հաջողվել է ևս մեկ գնդակ հեղինակել: Գլխի հարվածով մրցակցի դարպասն է խոցել Ռոբերտ Լևանդովսկին՝ եզրափակելով Արթուրո Վիդալի լավ փոխանցումը: Ամբողջ թիմով առաջ նետված և 3-րդ գոլը խփել ցանկացող «Բավարիա»-ն հանդիպման վերջում թույլ տվեց «Ատլետիկո»-ին արագ հակագրոհ ձեռնարկել: Մրցակցի տուգանային հրապարակ ներխուժած Ֆերնանդո Տորեսին խաղի կանոնների խախտմամբ կասեցրեց Խավի Մարտինեսը:
11 մետրանոց հարվածի հնարավորությունը «Ատլետիկո»-ն ևս չիրագործեց, քանի որ Տորեսի հարվածից հետո հիանալի խաղաց «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը՝ հետ մղելով «մահաբեր» գնդակը և հավելյալ հույսեր ներշնչելով իր թիմին: Չնայած «Բավարիա»-ի ճնշմանը, «ատլետիները» չընկրկեցին և կարողացան մինչև հանդիպման ավարտ պահպանել իրենց ձեռնտու հաշիվը:
Չնայած պարտությանը «Ատլետիկո»-ն դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ վերջին անգամ խաղալու հնարավորություն է ունեցել 2014 թ.-ին: Մայիսի 4-ին կայանալիք «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպմամբ կվճռվի՝ ի վերջո որ թիմն է լինելու «Ատլետիկո»-ի մրցակիցը Միլանում սպասվող եզրափակիչում: