ԱՄՆ պետդեպը մտահոգություն է հայտնել Թուրքիայում անազատ մամուլի վերաբերյալ
International newsՄիացյալ Նահանգների պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել Թուրքիայում մամուլի ազատության հարցի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս հարցով ԱՄՆ տեսակետը լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է պետդեպի խոսնակ Ջոն Քիրբին:
«Նախկինում մենք ասել ենք, որ այս հարցում Թուրքիայում լավ միտում չի նկատվում: Այն ճիշտ ուղղությամբ չի գնում: Ժամանակին ես դա մտահոգիչ եմ անվանել, և այժմ իրադրությունը շարունակում է նույնը մնալ: Մենք չենք կարծում, որ մամուլի ազատության սահմանափակումները դրական են որևէ ժողովրդավարության համար»,- նշել է Քիրբին` հույս հայտնելով, որ Թուրքիան կկարողանա վերադառնալ ժողովրդավարական սկզբունքներին, որոնք երաշխավորվում են երկրի սահմանադրությամբ:
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կարծում է, թե հաջողության ուղին չի գծվել ԶԼՄ-ների ճնշումներով ու նրանց գործունեության սահմանափակումներով: «Մենք բազմիցս այս մասին ասել ենք»,- նշել է ԱՄՆ պետդեպի խոսնակը: