Թևան Պողոսյանը թարմացրել է ԵԽԽՎ մոնիթորինգի համազեկուցողների հիշողությունը
PoliticsԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան մոնիթորինգի համազեկուցողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» խմբակցությունը քննարկել է ինչպես Սահմանադրական փոփոխություններին, Ընտրական օրենսգրքին և կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցերը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: Ինչպես նշեց պատգամավորը, քննարկման ժամանակ ինքը հիշեցրել է դեռ հունվար ամսին հայկական կողմից հնչող զգուշացումների մասին, որոնք այսօր իրականացնում է ադրբեջանական կողմը:
«Պարտքս համարեցի անդրադարձ կատարել այն խնդրին, որ ԵԽԽՎ-ում հունվարին, երբ զգուշացնում էինք, որ եթե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին մատների արանքով նայեն, ապա միգուցե տարածաշրջանում լինեն տարբեր էսկալացիաներ և ավանտյուրաներ: Հույս հայտնեցի, որ այլևս այդպես մատների արանքով կամ ուղղակի հավասարակշռության նշանի իմաստով չեն անդրադառնա արցախյան խնդրին»,- ասաց նա:
Համազեկուցողների կողմից, որպես արձագանք ադրբեջանական ագրեսիվ գործողություններին, եղել է այն, որ ապագայում փոքր-քիչ ավելի տարբերակված կլինի մոտեցումը Արցախի հարցի վերաբերյալ: «Ասացին, որ ապագայում կփորձեն մի քիչ ավելի տարբերակված Արցախի հարցին վերաբերվել՝ կա´մ իրենք զերծ կմնան խնդիրներից, կա´մ իրենք կբարձրաձայնեն հարցը, որ այսօրվա դրությամբ դա իրենց ինստիտուտի դաշտում չի լուծվում։ Բայց դա մեկ մարդու խոսք եմ ասում»,- ասաց նա:
Անդրադառնալով նաև Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հարցին՝ պատգամավորը նշեց. «Իրենք խոստացան, որ այս բոլոր մոտեցումները, որոնք միշտ ներկայացվել են՝ ցուցակների հրապարակումը, ID քարտերով քվեարկությունը, վստահված անձանց և դիտորդների հանդեպ ավելի ազատ ընկալումը, որ ընտրությունները միայն ընտրությունների օրը չեն, այլ նաև նախորդող ժամանակահատվածն է, դրանից հետո վերահաշվարկի խնդիրներ են, բոլոր խնդիրները, որ ներկայացվեցին, խոստացան, որ կքննարկեն բոլոր բարձր ատյաններում և կփորձեն ներկայացնել»: