Միջազգային հակակոռուպցիոն կենտրոն է ստեղծվելու Լոնդոնում
International newsԼոնդոնում ստեղծվելու է միջազգային հակակոռուպցիոն կենտրոն, որի խնդիրները ներառելու են «հետաքննությունների անցկացումը կոռումպացված էլիտաների նկատմամբ եւ հափշտակված ակտիվների վերադարձը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Press Association բրիտանական գործակալությունը:
Ըստ նրա տեղեկատվության՝ այդ կենտրոնի ձեւավորման գործում Մեծ Բրիտանիային կաջակցեն ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան եւ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլ):
Գործակալությունը մանրամասներ չի հայտնում կենտրոնի գործունեության վերաբերյալ, որի ստեղծման մասին պետք է հայտարարվի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում մայիսի 12-ին կայանալիք հակակոռուպցիոն գագաթնաժողովում:
Ընդամենը մեկօրյա համաժողովին կմասնակցեն 40 երկրների պատվիրակություններ: Ինչպես սպասվում է, պետությունների ու կառավարությունների ղեկավարությունները կքննարկեն կոռուպցիային հակազդելու խնդրում միջազգային համագործակցության ակտիվացման ուղիները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: